Նավակատիքի օրը Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում

Նավակատիքի օրը Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում

Սեպտեմբերի 30-ին Արգավանդի Ս․Սարգիս եկեղեցու վերաօծման տարեդարձն է: Եկեղեցին օծվել է Վարագա Ս. Խաչի տոնին, և նույն օրը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, հայտարարվել է եկեղեցու ուխտի օր: Եկեղեցին, մինչ վերաօծվելը, չի գործել երկար տարիներ, ծառայել է որպես քիմիական նյութերի պահեստ: Ապա վերականգնվել է համայնքի բնակիչների և հոգևոր հովվի ջանքերով:


Այսօր եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ` հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի ձեռամբ: Ս. Պատարագին մասնակցում էին ինչպես համայնքի անդամներն, այնպես էլ Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաները: Նրանք ամեն կիրակի լինում են եկեղեցում, մասնակցում Պատարագին, Ս. Հաղորդություն ստանում, ապա նաև մասնակցում են ամեն կիրակի տրվող սիրո ճաշին:


Քարոզի ընթացքում պատարագիչ քահանան մեկնեց Վարագա Սուրբ Խաչի տոնի խորհուրդը`հիշելով եկեղեցու վերաօծման տարեդարձի մասին:


Ս. Պատարագից հետո երեցատանը սիրո ճաշ և մատաղ մատուցվեց, որի համտեսից առաջ ներկաները նախ միաձայն աղոթեցին: Սիրո ճաշին հաջորդեց ազգային երգ ու պարը:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-09-29
×