Ուխտի օրհնյալ օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Ուխտի օրհնյալ օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Սեպտեմբերի 29-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Վարագա Ս. Խաչի տոնը:

 

Արդեն երրորդ տարին է, որ Վարագա Սուրբ խաչի տոնի օրը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հայտարարվել է որպես Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օր:

 

Տոնի օրը ուխտի Ս. Պատարագին մասնակցելու, Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի զորությանը հաղորդ դառնալու և նրա առջև երկրպագելու մեծ փափագն էր բազմաթիվ ուխտավորների առաջնորդել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Տոնական Ս. Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը, ով անդրադառնալով տոնի պատմությանը, մասնավորաբար ասաց. «Խաչը մինչ Քրիստոս մահվան անարգ գործիք էր, որի վրա խաչում էին մահապարտներին, բայց այն Տիրոջ արյան հեղմամբ դարձավ քրիստոնեության խորհրդանիշն ու քրիստոնյաներիս պարծանքը: Խաչը դարձավ դրախտի դռների բանալին, և որպես կամուրջ՝ հնարավորություն տվեց մեզ բարձրանալ դեպի երկինք՝ անցողիկից դեպի անանցը և հավիտենություն: Խաչը պետք է արտահայտվի մեր գործերի մեջ, քանի որ քրիստոնեությունը ոչ միայն հավատք է, այլ կյանքը ապրելու կերպ: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչը թող պայծառացնի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և պահապան լինի Հայոց աշխարհին»:

 

Մինչ երեկո հավատավոր հայորդիները, Սուրբ Խաչի զորությանը ապավինելով, հաղորդակից եղան Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչի օրհնությանն ու զորությանը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-09-30
×