Այսօր տեղի ունեցավ «Աստվածամոր տուն» հիմնադրամի պաշտոնական մեկնարկը՝ ՀԵՀԵՄ-ի կենտրոնական գրասենյակի շենքում՝ Ս. Աննա եկեղեցու հարևանությամբ` «Դեպի լույս» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում:
Ցուցահանդեսն ամփոփում էր աղոթքի թեմայով լուսանկարչական մրցույթի արդյունքները:
Մրցույթի մասնակից հարյուրհիսունից ավելի աշխատանքներից լավագույն քառասունը ներկայացված էին ցուցահանդեսին: Այդ աշխատանքներից երեքը հանդիսացան հաղթող: Ժյուրիի կազմում էին Տեր Եսայի քհն. Արթենյանը, լուսանկարիչ Հրայր Ավետիքյանը, «ՊիքսԱրտ» ընկերության տնօրեն Միքայել Վարդանյանը, Հրաչ Քեշիշյանը, Նազենի Հովհաննիսյանը:
Հաղթող ճանաչված երեք լուսանկարներն ամբողջապես արտացոլում են աղոթքի զգայական աշխարհը՝ որակով ու պատկերային համադրությամբ հուզելով մարդուն:
Մրցույթում հաղթող է ճանաչվել Կարպիս Կետիկյանը՝ աղոթող երեխայի լուսանկարով՝ նկարված Գյումրիում: Երկրորդ տեղում Նարեկ Առաքելյանն էր, իսկ երրորդում՝ Զառա Ղազարյանը:
«Աստվածամոր տուն» հիմնադրամի առաջին ծրագիրը հենց «Դեպի Լույս» խորագրով լուսանկարների ցուցահանդեսն էր:
Շնորհավորում ենք «Աղոթք» լուսանկարչական մրցույթի բոլոր մասնակիցներին: Բոլոր ցանկացողները կարող են այցելել «Դեպի լույս» ցուցահանդեսը` մինչև հոկտեմբերի 8-ը ամեն օր՝ ժամը 11:00-ից 18:00-ը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին