Հոկտեմբերի 7-ին, Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ, Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը կատարեց խաչքարի օրհնություն՝ Արարատում գտնվող Պապ սարի գագաթին կառուցվող եկեղեցու հարևանությամբ:
Խաչքարի օրհնությունից հետո Տեր հայրը խոսքն ուղղեց ներկաներին. «Հայը Քրիստոսին հետևորդ ազգ է եղել, և եթե որևէ մի վայրում չի կարողացել իր աղոթքի տունը կառուցել, ապա խաչքարեր է տեղադրել: Մեր հայրերը հավատարիմ են մնացել իրենց քրիստոնեական արժեքներին, հաղթանակներ են տարել՝ խաչի զորությամբ և ուժականությամբ, նահատակվել են հանուն Քրիստոսի, երբեք չեն ընկրկել, չեն ուրացել հավատքը, և տիրավանդ խոսքի համաձայն՝ վերցրել են իրենց խաչն ու գնացել Քրիստոսի ետևից»:
Խաչքարի բարերարն էր ռուսաստանաբնակ Հառլեն Զարգարյանը:
Արարողությանը ներկա էին Արարատի համայնքապետ տիար Կարեն Ղազարյանը, եկեղեցու կառուցապատման բարերար տիար Արմեն Գիքինյանը և բազմաթիվ հյուրեր:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին