Հոկտեմբերի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օծեց Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու նոր սրբապատկերներն ու քրիստոսապարտկեր խաչվառը։
Սրբազան հորը դիմավորեցին համայնքի անդամները` եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանի և Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցու խորհրդակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանի գլխավորությամբ։ Արարողությանը ներկա էին եկեղեցու բարերար Եսայան ընտանիքի և Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները։
Նավասարդ Սրբազանը Սրբալույս Մյուռոնով օծեց սրբապատկերները։ Արարողության ավարտին շնորհավորելով համայնքի անդամներին` Սրբազան հայրն իր օրհնությունը բերեց բարերարներին և ներկա հավատացյալներին։ Նորաօծ սրբապատկերներն ու խաչվառը նվիրաբերել է եկեղեցու բարերար Եսայան ընտանիքը` ընտանիքի հայր Կառլեն Եսայանի հիշատակին։
Ավետման, Մկրտության և դժոխքի ավերման տեսարանները պատկերող սրբապատկերների հեղինակը գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Գերասիմ Դարբինյանն է։ Իսկ խաչվառի վրա Քրիստոսի պատկերը նկարել է մանրանկարչուհի Լյուդմիլա Ղամբարյանը։
Արարողության ավարտին եկեղեցու բակում ելույթ ունեցավ Տիկնանց միության «Նռանե» երգչախումբը (գեղ. ղեկավար` Նունե Մինասյան)` կատարելով հոգևոր, ժողովրդական երգեր։ Համերգի ավարտից հետո համայնքի անդամներն իրենց շնորհակալությունը հայտնեցին Սրբազան հորը` համայնքի հոգևոր խնամքի և հայրական հոգածության համար։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին