Հոկտեմբերի 12-ին Երևանի Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաներն ու Մնջախաղի թատրոնը այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Հյուրերը շրջեցին Մայր Աթոռի թանգարանային համալիրում, այցելեցին «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն` կառուցված Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետության օրոք:
Նույն օրը Էջմիածնի Հայորդյաց Տանը տեղի ունեցավ նաև Թովմաս դպիր Առաքելյանի «Բարեպաշտական սովորությունները Հայոց եկեղեցում» գրքի շնորհանդեսը: Ներկաները գիրքը համարում են ևս մեկ քայլ` ուղղված կասեցնելու աղանդավորների մուտքը մեր հասարակություն և ներկայացնելու Եկեղեցու` դարերից եկած սովորությունները:
Գրքի շնորհանդեսի միջոցառմանը ելույթ ունեցան նաև Երևանի Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաները` Զուբեյդա Մելիքյանի ղեկավարությամբ: Ապա Մնջախաղի թատրոնը ներկայացրեց «Աշխարհի ստեղծումը» ներկայացումը:
Թատրոնի դերասան Գևորգ Պողոսյանը պատմում է, որ ներկայացմամբ հանդես գալու հրավերը ստացել են գրքի հեղինակի` Թովմաս դպիր Առաքելյանի կողմից, ով տարիների առաջ ներկա է եղել թատրոնի ներկայացումներից մեկին:
Մնջախաղի թատրոնում ներառված են լսողության խանգարումներ ունեցող անձինք:
«Այդ թատրոնը բացահայտեց նաև ինձ, և դրա շնորհիվ ապագայում դարձա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մնջախաղի բաժնի ուսանող: Այժմ սովորում եմ չորրորդ կուրսում, նաև դասավանդում եմ մնջախաղ` կրթահամալիրում»,- պատմում է Գևորգ Պողոսյանը: