Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրերից մեկը փրկչական Խաչին նվիրված չորս տոներից Գյուտ Խաչի տոնն է, որն այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց հոկտեմբերի 27-ին:
Արդեն երկրորդ տարին է, որ Գյուտ Խաչի տոնը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հայտարարվել է որպես Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օր՝ ի պատիվ այնտեղ պահվող մասնատուփ-պահարանի, որի կենտրոնական հատվածում զետեղված է Տիրոջ Խաչափայտի մասունքը, իսկ խաչի թևերում չորս սրբերի՝ Ս. Բարսեղ Մեծի, Ս. Մակարիոսի և անհայտ երկու սրբերի մասունքներ:
Բազմաթիվ ուխտավորներ էին այցելել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Պատարագիչը՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, շնորհավորեց ներկաներին խաչի գտնվելու հրաշափառ տոնի կապակցությամբ և մաղթեց, որ Հիսուս Քրիստոսի սրբազան խաչը կենդանի պահի իրենց հավատքը, օրեցօր ավելացնի ու զորացնի այն: Տեր Հայրը, քարոզին տոնի պատմությունը մեջբերելով, անդրադարձավ սեփական խաչը կրելու և Տիրոջը հետևելու ավետարանական կարևորագույն պատգամին և այդ փրկաբեր պատգամի կյանքի կոչմանը:
Ս. Պատարագի ավարտից մինչ երեկո Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում բազմաթիվ ուխտավորներ հաղորդակից եղան զորավոր մասնատուփ-պահարանի օրհնությանը:
Կարինե Սուգիկյան