«Աստվածաշնչի մարգարեները»՝ ժեստերի լեզվի թարգմանությամբ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Աստվածաշնչի մարգարեները»՝ ժեստերի լեզվի թարգմանությամբ

«Աստվածաշնչի մարգարեները»՝ ժեստերի լեզվի թարգմանությամբ

Հոկտեմբերի 28-ին Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տեղի ունեցավ ժեստերի լեզվի թարգմանությամբ թողարկված «Աստվածաշնչի մարգարեները» տեսասկավառակի շնորհանդեսը:

 

Աստվածաշունը խուլերի մայրենի ժեստերի լեզվով թարգմանելու և ներկայացնելու նախագիծը մեկնարկել է մոտ 15 տարի առաջ՝ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Նախագծի առաջին փուլում թարգմանվել և չորս տեսասկավառակով ներկայացվել էր Մանկական Աստվածաշունչը, իսկ երկրորդ փուլում՝ Ղուկասի Ավետարանը:

 

Տեսասկավառակները, խուլերի համայնքի հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով, միայն լսողության խանգարումներ ունեցողների համար չեն. այլք ևս կարող են դիտել, հասկանալ: Տեսասկավառակում ժեստերի լեզվի թարգմանությանն ուղեկցում են պատկերներ և տեքստ՝ առավել մատչելի դարձնելով մտքի ընկալումը:

 

Սկավառակի պատրաստման համար աշխատել են Արարատյան Հայրապետական թեմի խուլերի համայնքը, ժեստերի լեզվի թարգմանիչներ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը, Արարատյան թեմի առցանց հեռուստաալիքը՝ «Թեմ TV»-ն: Այս ծրագիրն իրականություն դարձավ թեմի խուլերի համայնքի ջանքերով և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ֆինանսական աջակցությամբ:

 

Շնորհանդեսին մասնակցում էին Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը, խուլերի համայնքի հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը, Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերության այս օրերին Հայաստանում գտնվող պատվիրակությունը, ԼԽՈՒԵ կրթահամալիրի ուսուցիչներ, սաներ:

 

Շնորհանդեսը սկսվեց լսողության խանգարումներ ունեցող երեխաների կողմից կատարված Տերունական աղոթքով, այնուհետև Տեր Եսայի քահանա Արթենյանը ներկայացրեց տեսասկավառակի պատրաստման գործընթացը, որ տևել է հինգ ամիս: Տեր Եսային իր խոսքում նաև շնորհակալություն հայտնեց Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, Հայաստանի Աստվածաշնչային ընկերությանը, ԼԽՈՒԵ կրթահամալիրին, ում հետ համագործակցում են մոտ 20 տարի՝ լսողության խանգարումներ ունեցողների հոգևոր կարիքները հոգալով, դրանց արձագանքելով: Շնորհակալություն հայտնեց նաև բոլոր խուլերին, ովքեր նախագծի գլխավոր հասցեատերերն են և իրական գնահատողները:

 

Խոսքով հանդես եկավ նաև Արաշավիր Գաբուջյանն, ով իր երախտագիտությունյը հայտնեց ԱՀԹ խուլերին, տեսասկավառակը պատրաստողներին և կարևորեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ու Արարատյան Հայրապետական թեմի համագործակցությունը:

 

Տեսասկավառակները, ավանդույթի համաձայն, առաջինը բաժանվեցին ԼԽՈՒԵ կրթահամալիրի սաներին, սակայն նախատեսվում է, որ շրջայցերի ընթացքում դրանք կհասնեն նաև Հայաստանի բոլոր մարզերում լսողության խանգարումներ ունեցողներին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-10-29
×