Նոյեմբերի 4-ին, Արարատի մարզի հոգևոր տեսուչ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ, Արարատ գյուղում տեղի ունեցավ Աստվածաշնչային գիտելիքների վերաբերյալ վիկտորինա-մրցույթի 2-րդ փուլը՝ Արարատի տարածաշրջանում առաջին փուլը հաղթած 8 դպրոցների և Երևանի Ավետիսյան դպրոցի միջև։
Մրցույթը կազմակերպել է Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը՝ «Աստվածաշնչի գիտելիք» ծրագրի շրջանակում:
Վիկտորինան կայացավ Արարատ գյուղի թիվ 2 դպրոցի ջերմ և հյուրընկալ հարկի ներքո:
«Աստվածաշնչի աշխարհը» թեմայով վերապատրաստմանը մասնակցելու համար վկայականներ տրվեցին Արարատի տարածաշրջանի դպրոցների ՀԵՊ ուսուցիչներին: Աշակերտներին գիտելիքներով զինելու և մրցույթին պատշաճ պատրաստելու համար ուսուցիչները պարգևատրվեցին նաև Աստվածաշնչերով:
2-րդ փուլում հաղթեցին Արարատի թիվ 4 հիմնական դպրոցի և Զանգակատան միջնակարգ դպրոցի թիմերը:
Շնորհավորում ենք հաղթող դպրոցներին, աշակերտներին և ՀԵՊ ուսուցիչներին։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին