Լույս է տեսել «Անձևություն» բանաստեղծությունների ժողովածուն
Լույս է տեսել «Անձևություն» բանաստեղծությունների ժողովածուն
Նոյեմբերի 7-ին «Դարան» գրախանութում տեղի ունեցավ Թովմա քահանա Անդրեասյանի «Անձևություն» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուում զետեղված են հիմնականում 1976-2003 թվականների բանաստեղծություններ, որոնք հավաքված են մի ընդհանուր գաղափարի շուրջ` քաղաքակրթությունը սպառել է իրեն, քաղաքակրթությունն արժեզրկել է բոլոր արժեքները, որոնք հնուց ուղղորդել են մարդկությանը, եղել նրա համար միս ու արյուն, իմաստ և գոյության գրավական:
Անձևությունը այն տեղանքն է, որտեղ այլևս չկա ձև և բովանդակություն, ամեն գաղափար դարձել է իր հականիշի կրողը, քաոսը և ներդաշնակությունը, չարն ու բարին, արդարությունն ու անարդարությունը նույն էությունն ունեն: Այսպես է բանաստեղծը տեսնում ժամանակակից աշխարհը:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը բացման իր խոսքում ասաց. «Դեռևս 80-ական թվականների վերջերից հետաքրքրվում էի հայ գրականությամբ, հայ գրողներով: Վահան Անդրեասյան անունը պարբերաբար հանդիպող անուններից էր մեր թերթերում և ամսագրերում: Ինձ` երեխայիս համար միշտ հետաքրքիր էին այն բանաստեղծները, ովքեր ստեղծագործում էին դասական բանաստեղծության հանգավորումից և ձևից, ընդունված շաբլոնից, կաղապարներից դուրս: Եվ այդ առումով Տեր Թովման տարբերվում էր շատերից»:
Տեր Թովմա քահանա Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց բոլորին և ասաց, որ ապագայում շատ նոր ծրագրեր կներկայացվեն՝ նոր գրքեր, երաժշտական ստեղծագործություններ և երգեր: