Նոյեմբերի 14-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցչական երգչախմբի ելույթը: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ նրանք կատարեցին հոգևոր երգեր, շարականներ:
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը խորին շնորհակալություն հայտնեց Նավասարդ Սրբազանին, ով սիրահոժար արտոնել է երգչախմբին իրենց հոգևոր կատարումներով ներկայանալ հավատացյալների առաջ: Ընդգծեց նաև, որ տարիներ առաջ ուսուցչական երգչախումբը Սրբազանի հայրական օրհնությամբ է ստեղծվել: Աշոտ Բլեյանը նշեց, որ այս ելույթը «Ուսումնական ժամերգություն» ծրագրի մի մասն է, որն ամփոփվելու է իրենց կրթահամալիրի 30-ամյակին նվիրված մեծ համերգով: Կրթահամալիրի տարբեր դպրոցների սաներն էլ այս օրերին ուխտավորաբար այցելել են Արարատյան Հայրապետական թեմի տարբեր եկեղեցիներ՝ հանդես գալով շարականների երեգեցողությամբ:
Կատարումների ավարտին Նավասարդ Սրբազանը շնորհավորեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 30-ամյա հոբելյանի առթիվ և իր գնահատանքի խոսքն ուղղեց Աշոտ Բլեյանին, Հարություն Թոփիկյանին ու երգչախմբին՝ իրենց վաստակի ու մասնավորաբար հոգևոր երգերի հրաշալի կատարման համար:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին