Օծման կարգ Շենգավիթի նորակառույց եկեղեցում

Օծման կարգ Շենգավիթի նորակառույց եկեղեցում

Նոյեմբերի 21-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին Շենգավիթի նորակառույց եկեղեցու սրբապատկերները, չորս խաչքարերը, գմբեթի և զանգակատան խաչերը, զանգը, դուռը և Մկրտության ավազանը:

 

Օծման արարողությանը ներկա էին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը և այլ պաշտոնատար անձիք: Համախմբվել էին նաև համայքի բնակիչները՝ օծման արարողությանը մասնակից լինելու համար:

 

Արարողության ավարտին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը ողջունեց ներկաներին և իր օրհնությունը փոխանցեց նրանց: Սրբազան հայրն իր խոսքում ասաց. «Այս փոքրիկ եկեղեցին չափերով մատուռի է նման, բայց իր առաքելությամբ է մեծ: Մենք լիահույս ենք, որ այն իր հովանու տակ կառնի մեծ թվով հավատացյալների, ովքեր կզգան Եկեղեցու շունչն ու իրենց հոգիները կսնվեն այս կենարար աղբյուրից: Այստեղ նրանք Աստծո խոսքը կլսեն, և իրենց հոգեկերտվածքի մեջ կդրոշմվի հայ քրիստոնյայի առաքելությունը: Հավատացյալները կզգան, որ իրենց հոգու մեջ միշտ զրնգուն է եկեղեցու զանգը և իրենց կանչում է Աստծո տուն: Շնորհը, սերը, խաղաղությունը թող լինի ամենքիս հետ. Ամեն»:

 

Արարողության ավարտին համայնքի բնակիչներն աղավնիներ բաց թողեցին՝ ի նշան խաղաղության, ինչպես նաև տեղի ունեցավ գեղարվեստական միջոցառում:

 

Հիշեցնենք, որ եկեղեցու բուն օծման արարողակարգը տեղի կունենա նոյեմբերի 30-ին՝ 10:30-ին, Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-11-21
×