Նոյեմբերի 30-ին՝ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնին, Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների շարքը լրացվեց ևս մի գեղեցիկ ու գողտրիկ եկեղեցով: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեց Շենգավիթի նորակառույց եկեղեցին: Սրբազան հորը որպես առընթերականեր սպասավորում էին Տ. Պարթև քահանա Մուրադյանը և Տ. Սեդրակ քահանա Աղասյանը: Եկեղեցին կառուցվել է Աղասի Ավագյանի բարերարությամբ:
Սրբազան հայրը, Սրբալույս Մյուռոնով Խորանի Սուրբ Սեղանն օծելով, նորակառույց եկեղեցին անվանակոչեց Ս. Առաքելոց՝ ի նշանավորումն մեր առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս ու Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի: Արարողությանը մասնակցում էին եկեղեցու բարերարը, համայնքի անդամներ:
Խիտ բնակեցված Շենգավիթ համայնքի համար այս եկեղեցին իսկական նվեր է, որին բնակիչները վաղուց էին սպասում ու սիրով ընդունեցին: Ու չնայած իր փոքր չափերին` այն մի գողտրիկ ու կանաչապատ անկյուն է լինելու, որ կծառայի համայնքի հոգևոր կարիքներին: Օծման արարողության ավարտին Նավասարդ Սրբազանը շնորհավորեց համայնքի անդամներին նոր եկեղեցի ունենալու առթիվ՝ ի մասնավորի ասելով. «Սիրելի՛ հավատացյալներ, հոգևոր ուրախությամբ ենք համակված ամենքս: Առ Բարձրյալն Աստված փառաբանությամբ, միասնական աղոթակցությամբ կատարեցինք Շենգավիթ համայնքի Սրբոց Առաքելոց եկեղեցու օծումը, ինչի առիթով ձեզ ենք փոխանցում Ամենայն Հայոց Հայրապետի օրհնություններն ու բարեմաղթանքները: Հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այսօր իմաստավորվեց այս գողտրիկ եկեղեցու օծմամբ և Սրբոց Առաքելոց անվանակոչմամբ: Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալները քրիստոնեության լույսը բերեցին Հայաստան և Տիրոջ կենարար շնորհներին արժանի դարձրին մեր ժողովրդին: Վստահ ենք, որ այս փոքրիկ եկեղեցին իր մեծ առաքելությամբ կդառնա հավերժախոս պատգամ՝ կենսունակ պահելով և առաջնորդելով հավատավոր մեր զավակների առաքելաշավիղ ընթացքը: Աղոթում ենք, որ եկեղեցու զանգի ղողանջները թափանցեն ձեր հոգիներ, յուրաքանչյուրիդ սիրտը պարուրեն աստվածային սիրով և խաղաղությամբ՝ զարդարելով ձեր հավատքը հոգևոր հաղթանակներով: Մեր օրհնությունն ու գնահատանքը եկեղեցու բարերար Աղվան Ավագյանին, ով իր հավատքի անկեղծ մղումով և նախանձադիր ջանքերով կառուցեց այս եկեղեցին:
Սիրելի՛ հավատացյալներ, դուք էլ անմասն չպիտի մնաք այս եկեղեցին կենսունակ պահելու առաքելության մեջ: Այն փոքր է, բայց ձեր սերն է մեծ: Այդ սիրով պիտի համախմբվեք և շենացնեք հավատքի ձեր տունը, քանզի եկեղեցու քարեղեն կառույցը ոգեղենանում է հավատացյալների կենդանի ներկայությամբ: Մենք ականատեսն ենք եղել, թե ինչպես եք ձեր հոգևոր ազնիվ զգացումներով եկեղեցին գրկած՝ սպասել օծման այս հոգենորոգ օրվան: Այդ սպասումի առաջին պտուղներին ականատես կլինենք օծման արարողությանը հաջորդող Սուրբ Մկրտության խորհրդով, երբ պիտի մկրտվեն 21 ընծայալներ՝ լինելով այս եկեղեցու փրկարար առաքելության կենդանի վկաները: Մեր գնահատանքն ենք բերում նաև եկեղեցու հոգևոր հովվին՝ Տեր Զարեհ քհն. Աշուրյանինին, ով իր նվիրյալ ծառայությամբ պիտի հովվի իր հոտը՝ մշտանորոգ պահելով Սրբոց Առաքելոց եկեղեցու հավատքի կանթեղը:
Թող Տերը, Սուրբ Առաքյալների բարեխոսությամբ, Իր օրհնության ներքո պահի այս եկեղեցին՝ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու զավակներիդ ազգանվեր ու եկեղեցանվեր գործերին ու նախաձեռնություններին նորանոր հաջողություններ շնորհելով: Շնորհ, սեր եւ ողորմութիւն Տեառն Աստուծոյ եւ Փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեան. ամէն:»:
Օծման արարողությունից անմիջապես հետո մատուցվեց եկեղեցու անդրանիկ Ս. Պատարագը: Ս. Առաքելոց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զարեհ քահանա Աշուրյանի հրավերով Ս. Պատարագը մատուցեց Գետազատի Ս. Դավիթ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Սեդրակ քահանա Աղասյանը: Այս օրը 21 երեխաների համար դարձավ հիշարժան օր. նորաօծ եկեղեցու ավազանում մկրտվելով՝ նրանք դարձան Ս. Առաքելոց եկեղեցու առաջին զավակները: Հավարտ Ս. Պատարագի բարերարների նախաձեռնությամբ մատուցվեց սիրո ճաշ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին