Այսօր հաշմանդամների միջազգային օրն է

Այսօր հաշմանդամների միջազգային օրն է

Հայաստանում, ինչպես աշխարհի բոլոր երկրներում կան հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ: Այդ խնդիրները վերաբերում են մեզնից յուրաքանչյուրին, և մեր բոլորիս պարտքն է օգնել և ձեռք մեկնել նրանց, քանի որ նրանք էլ մեր հասարակության լիիրավ անդամներ են:

 

Դեկտեմբերի 3-ին աշխարհը նշում է հաշմանդամների միջազգային օրը: Արարատյան Հայրապետական թեմի բարեգործական գրասենյակն ամեն տարի այս օրը անցկացնում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ: Այսօր Արաբկիր համայնքի եկեղեցու խորհրդակատար Տեր Պարթև քահանա Մուրադյանը թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանի հետ այցելեց Արշավիր և Պայծառ Աբրահամյանների անունը կրող ճաշարան, որն արդեն երեք տասնամյակ է, ինչ  իր տանիքի տակ համախմբում է տարեց և հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ դառնալով նրանց համար հարազատ ու ջերմ օջախ: Թեմի բարեգործական բաժինը օրվա առթիվ հաշմանդամություն ունեցող անձանց համար պատրաստել էր նվերներ՝ տաք հագուստի տեսքով:

 

Հանդիպմանն իր խոսքով հանդես եկավ Արաբկիր հաշմանդամների ասոցացիայի նախագահ պրն. Մկրտչյանը. «Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին տարիներ շարունակ մեր կազմակերպությանն աջակցելու համար: Ինչպես նաև շնորհակալություն բոլոր այն կազմակերպություններին, անհատներին, ովքեր իրականացնում են այս անչափ կարևոր առաքելությունը, և իրենց ուշադրության կենտրոնում են պահում մարդկանց, ովեքեր տաք և առողջ սննդի կարիք ունեն: Մաղթում եմ բոլորիդ առողջություն և բարեկեցություն»:

 

Այնուհետև իր խոսքով հանդես եկավ նաև  Տեր Պարթև քահանա Մուրադյանը, ով հաշմանդամներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը, և միասնական աղոթքից հետո ներկաները արդեն մասնակից եղան իրենց համար կազմակերպված միջոցառմանը:

 

Օրը հագեցած էր դրական և ջերմ մթնոլորտով: Երաժշտական կատարումները իսկապես բարձր տրամադրություն հաղորդեցին ներկաներին և իրենց առօրյա հոգսերից կտրվելու  լավ առիթ դարձան:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-12-03
×