Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և ՀԵՀԵՄ-ը կազմակերպեց Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա ծրագրի 3-րդ եզրափակիչ փուլը, որ կայացավ ՀԵՀԵՄ-ի գլխավոր գրասենյակում: 3-րդ փուլի վիկտորինան կայացավ Արարատի մարզի 13 դպրոցների միջև: Հաղթող ճանաչվեցին 4 դպրոցներ՝ Վեդիի Ավագ դպրոց, Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցը, Ներքին Դվինի միջնակարգ դպրոցը և Բաղրամյանի միջնակարգ դպրոցը:
Հաղթող ճանաչված դպրոցները դեկտեմբերի 6-ին, Տեր Հովակիմ քահանա Հարությունյանի առաջնորդությամբ, պարգևատրվեցին պատվոգրերով և 2020 թվականին Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության կողմից կազմակերպվող ամառային ճամբարի ուղեգրերով:
Իսկ դեկտեմբերի 8-ին, հավարտ Սուրբ Պատարագի, Ներքին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանն իր օրհնությունն ու դրվատանքի խոսքը փոխանցեց Ներքին Դվինի միջնակարգ դպրոցի այն աշակերտներին, ովքեր հաղթանակած են վերադարձել: Տեր հայրն իր և համայնքի անունից շնորհակալություն հայտնեց Հայ եկեղեցու պատմության ուսուցչուհուն, ապա օրհնված խաչեր և Նոր կտակարաններ հանձնեց թիմին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ կյանքի և ուսման բոլոր բնագավառներում:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին