Դեկտեմբերի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի տոնը: Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցին ևս մեծ շուքով նշեց Ընդհանրական Եկեղեցու սիրված սրբի հիշատակը:
Դեկտեմբերի 13-ի կեսգիշերին եկեղեցում կատարվեց հսկման ժամերգություն:
Իսկ այսօր առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Հակոբ եկեղեցի բերվեց Սուրբ Հակոբի մասունքը՝ հնարավորություն տալով հավատավորներին հաղորդակից լինել սրբությանը:
Ինչպես սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում, Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում ևս այսօր ժամը 11:00-ից սկսած՝ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանն էր:
Հավարտ Սուրբ Պատարագի՝ հավատավորներին մատուցվեց հարիսա և մատաղ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին