Ղպտի եկեղեցու առաջնորդի այցը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

Ղպտի եկեղեցու առաջնորդի այցը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

Ապրիլի 25-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոսի արտոնմամբ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցում Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Թևադրոս Բ-ն ս. պատարագ մատուցեց: Նա Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի ուղեկցությամբ Հայաստան էր ժամանել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով:
Թևադրոս Բ պատրիարքն իր ուրախությունը հայտնեց Հայաստանում գտնվելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսին, Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու հոգևորականներին:
Պատրիարքն իր քարոզում մասնավորապես ասաց. «Մարդը, մեղանչելով, խորը ցավ պատճառեց իր Տիրոջը: Ո՞վ կարող էր քավել այդ մեղքը, միայն մեկ հոգի՝ մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս: Նա խաչվեց, Իր արյունը թափեց. Խաչը դարձավ մեր փրկությունը: «Արդարև, նրանո՛վ փրկվեցինք և նրա արյունո՛վ թողություն գտանք մեր մեղքերի համար»:Ի՞նչ է հույսը, քրիստոնյայի կյանքում Աստված է իր հույսը: Մինչ խաչելությունը մարդու կյանքն անորոշ մի ընթացք էր՝ լավատեսությամբ և հոռետեսությամբ ընթացող: Քրիստոս նոր հույս պարգևեց մեղավորին Իր խաչելությամբ: Ոչ մի մեղք չի կարող գերազանցել Քրիստոսի զորությանը: Մարդու համար անկարելին հաղթահարվում է Աստծո ամենակարողությամբ: Մարդու համար անկարելին կարելի է դառնում Քրիստոսի հանդեպ հույսով, հավատով»:
Հավարտ ս.պատարագի Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդն իրեն ուղեկցող հոգևորականների հետ աղոթեց նաև եկեղեցուն կից ս. Անանիայի մատուռում:
Ապրիլի 21-ից չորս օր շարունակ ս. Անանիայի մատուռում Ղպտի ուղղափառ եկեղեցու հոգևորականները մատուցել են ս. պատարագ, որոնց մասնակցում էին հայաստանաբնակ հայեր, սիրիահայեր, արաբախոս քրիստոնյաներ, եգիպտացիներ: Եգիպտոսի CTV Channel TV հեռուսատաընկերությունը ուղիղ եթեր էր հեռարձակում ս. պատարագը:


Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-09-07
×