Դեկտեմբերի 21-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Սուրբ Աբգար թագավորի հիշատակության օրը: Արդեն յոթերորդ տարին է՝ Արարատյան Հայրապետական թեմում արքայի տոնը նշում են արքայական խաղի՝ շախմատի մրցաշարի անցկացմամբ:
Մրցաշարը կազմակերպվում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և աջակցությամբ, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցների և այդ կառույցների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի նախաձեռնությամբ:
Մրցաշարին մասնակցում էին քահանաներ, զինվորներ, Արարատյան Հայրապետական և հայաստանյան այլ թեմերի երիտասարդներ, Երևանի շախմատի դպրոցների սաներ, ՀՀ Ոստիկանական ակադեմիայից, Ազգային առաջնորդության ինստիտուտից և այլ ուսումնական հաստատություններից :
Այս տարի ևս խաղն անցկացվում էր երկու փուլով: Առաջին փուլում խաղի 42 մասնակիցները խաղացին միմյանց հետ, ապա անցկացված բոլոր 21 խաղերում հաղթածները միաժամանակյա խաղ անցկացրին միջազգային գրոսմայստերներ, Եվրոպայի և աշխարհի մինչև 18 տարեկանների չեմպիոն, Սամվել Տեր-Սահակյանի և Հայաստանի հավքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Ռոբերտ Հովհաննիսյանի հետ:
Խաղը վարում էր Երևանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն և փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար, միջազգային վարպետ Նորիկ Քալանթարյանը։ Խաղին հետևում էր նաև Մարշալ Արմենակ Խամփարյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի գնդերեց Տեր Սիմիոն քահանա Մովսեսյանը:
Գրոյստմայստերների հետ խաղը ոչ ոքի ավարտեց Դավիթ Նահապետյանը: Հաջող խաղ անցկացնելու համար պարգևատրվեցին նաև Էմին Օհանյանը և Հարություն Փանոսյանը:
Խաղի ավարտին Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը շնորհակալագրեր և խրախուսական նվերներ հանձնեց մասնակիցներին, գրոսմայստերներին և մրցավարին՝ Նորայր Քալանթարյանին։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին