Հատուկ կարիքներով երեխաները՝ Վեհափառին հյուր

Հատուկ կարիքներով երեխաները՝ Վեհափառին հյուր

Դեկտեմբերի 25-ի երեկոյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել այցելեցին «Արևներ» դաունի սինդրոմով երեխաների աջակցության կենտրոնի սաները, «Մարի Իզմիրլյան» մանկատան հատուկ կարիքավոր երեխաները, «Ջերմիկ անկյուն» կազմակերպության 18 տարին լրացած մտավոր և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անդամները և Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հովանու ներքո գտնվող անապահով ընտանիքների զավակները` Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորներ Արժանապատիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի և Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ:

 

250 մանուկների ու պատանիների և նրանց ծնողների ու խնամակալների այցելության կապակցությամբ Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակն ու «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տունը կազմակերպել էին հանդիսություն, որին ներկա գտնվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` կիսելով երեխաների ուրախությունը:

 

Հանդիսության ավարտին Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը, Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը և Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին Հայոց Հայրապետին` հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի և հոգենորոգ տոների առիթով նրանց ուրախություն պարգևելու համար:

 

Այնուհետև ներկաներին իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` շնորհավորելով գալիք տոների առիթով և մաղթելով լավատեսական ոգով հայացքը ուղղել դեպի նոր տարին` հավատքով, որ Աստված Իր առատ օրհնությունները կհեղի նրանց կյանքից ներս:

 

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ուղղեց քահանա հայերին, որոնց իրենց հովվական առաքելության մեջ մասնավոր ուշադրություն են դարձնում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների և նրանց ընտանիքների նկատմամբ՝ իրենց աշխատանքով ջանալով զորացնել նրանց հավատը և լավատեսության ոգին:

 

Բարի Ամանոր մաղթելով բոլոր մանուկներին, ներկա ծնողներին ու ընտանիքներին` Հայոց Հովվապետը հայցեց Երկնավոր Տիրոջից, որ Սուրբ Ծննդյան շնորհները զարդարեն նրանց կյանքի ընթացքը և շարունակեն ապրել Աստծով զորացած: «Իմացեք, որ Եկեղեցին ձեր կողքին է և ձեզ հետ է: Ձեր քայլերը միշտ ուղղեք դեպի եկեղեցի, որտեղ օրհնությունն է, որտեղ հրաշքն է գործում Աստծո միջոցով և հավատքի զորությամբ: Վստահ ենք, որ Աստված ձեր կյանքում նույնպես այդ հրաշքները պիտի կատարի», - պատգամեց Հայոց Հայրապետը:

 

Հանդիսությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունը բաշխեց յուրաքանչյուր մանուկին:

 

Աղբյուրը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

  • 2019-12-26
×