Ամանորյա տոնախմբություն էջմիածնաբնակ 250 երեխաների համար

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ամանորյա տոնախմբություն էջմիածնաբնակ 250 երեխաների համար

Ամանորյա տոնախմբություն էջմիածնաբնակ 250 երեխաների համար

Դեկտեմբերի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակներում, Էջմիածնի «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ ամանորյա տոնական միջոցառում: Էջմիածին քաղաքից և հարակից գյուղերից 250 երեխաներ մասնակցեցին իրենց համար պատրաստված ամանորյա տոնախմբությանը, որ նախաձեռնել և հովանավորել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի մշտական աջակից ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը:

 

Երեխաներին այցելեցին իրենց կողմից սպասված հյուրերը՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր տոնական օրը հարստացրին նոր խաղերով, երգ ու պարով: Մեկը մյուսին հաջորդող խաղերն ու պարերն անմոռանալի դարձրին երեխաների օրը: Ամանորի միջոցառումն անհնար է պատկերացնել առանց տոնական նվերների. Ձմեռ պապն ու Ձյունանուշը հանդիսավորությամբ և մեծ ուրախությամբ երեխաներին նվերներ հանձնեցին:

 

 «Աստվածային սեր ունեցողը միայն ինքն իր մասին չի մտածում»,- ասել է Պողոս առաքյալը (Ա Կորնթացիներ 13:5): Աստվածային սեր ունեցողը նախ ինքն է հարստանում. նրա հոգին լիանում է լույսով, ուրախությամբ ու խաղաղությամբ, որոնց բաժնեկից է դարձնում շատերին: «Մեկը մի իր է վերցնում, որն իրեն նվիրել են, և ուրախանում է այդ իրով: Մյուսն ամեն ինչ է տալիս և ուրախանում ամեն ինչի համար: Այն ուրախությունը, որը մարդ զգում է, երբ վերցնում է, մարդկային ուրախություն է: Իսկ այն ուրախությունը, որը մարդ զգում է, երբ տալիս է, աստվածային ուրախություն է: Աստվածային ուրախությունը գալիս է տալով»,- ասել է Պաիսիոս Աթոսացին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

  • 2019-12-26
×