Խուլերն՝ Աստծո խոսքը կրողներ ու տարածողներ

Խուլերն՝ Աստծո խոսքը կրողներ ու տարածողներ

Ապրիլի 18-ին Լսողության խանգարումներ ունեցող երեխաների Երևանի հատուկ կրթահամալիրում նշեցին Հարության տոնը. գեղեցիկ ձևավորված զատկական սեղաններ, երգ-պար, երաժշտություն, խաղեր:


Միջոցառմանը մասնակցում էին նաև ԱՀԹ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը: Նրանք կրթահամալիր էին եկել սաներին բաժանելու վերջերս թողարկված «Հին Կտակարանը ժեստերի լեզվով» տեսասկավառակները։


Խուլերի դպրոցի սաները ներկայացան համերգային գեղեցիկ ծրագրով, որից հետո Տեր Եսայի քահանա Արթենյանը և Արշավիր Գաբուջյանը նրանց փոխանցեցին «Հին Կտակարանը ժեստերի լեզվով» տեսասկավառակները, որոնք պատրաստվել են Արարատյան Հայրապետական թեմի խուլերի համայնքի ջանքերով և Աստվածաշնչային ընկերության ֆինանսավորմամբ ու աջակցությամբ։


«Այսօր նաև դուք՝ իբրև առաքյալներ, Աստծո զավակներ, առաքելություն ունեք վկայել ինչպես Քրիստոսի Հարության, այնպես էլ Աստծո յուրաքանչյուր խոսքի, յուրաքանչյուր պատգամի մասին։ Ինչպես ամեն քրիստոնյա, դուք էլ իրավունք ունեք Աստվածաշունչ կարդալ և կարդալուց հետո իբրև Աստծո խոսքի առաքյալներ նրա մասին վկայել», - ասաց Արշավիր Գաբուջյանը։


Խուլերի կամքի ուժի, նրանց հետ աշխատող մասնագետների ջանքերի և չորս տարվա համառ աշխատանքներից հետո այսօր լսողության խնդիրներ ունեցող մարդիկ արդեն հնարավորություն ունեն լսել Աստծո խոսքը և որպես առաքյալներ տարածել այն։


Այս մեծ աշխատանքի արդյունքը ներկայացնելու համար դպրոցի առաջին հարկում տեղադրված հեռուստացույցով անընդհատ ցուցադրվում է թարգմանված Աստվածաշունչը։ Խուլերի համար շատ կարևոր է, որ տեսահոլովակներում իրենց ընկերներն են։

 

Հասմիկ Թամամյան

  • 2017-04-19
×