Արարատյան Հայրապետական թեմի Նորք Մարաշ վարչական շրջանի Ս. Աստվածածին եկեղեցու բակում մայիսի 12-ին Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ օծվեց Արամ Սարգսյանի բարերությամբ կառուցված խաչքարը:
Օծման արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով։ Ապա Սրբազան հայրը ներկաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը՝ մաղթելով, որ Ս. Խաչը լինի մեր հավատքի վկայությունը և հաղթանակների ուղեկիցը:
Քառակողմ խաչքարի հեղինակը Ռուբեն Նալբանդյանն է, ում աշխատանքի շնորհիվ Ս. Աստվածածին եկեղեցու հավատավոր այցելուները հաղորդ կդառնան Հիսուս Քրիստոսի փրկագործության խորհրդին, որը հայ ճարտարապետության մեջ իր վառ արտահայտումն է գտել խաչքարերի մեջ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին