«Հաղթանակի աղոթք» հաղթական բանակի զինվորների հետ

«Հաղթանակի աղոթք» հաղթական բանակի զինվորների հետ

Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի և Հաղթանակի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կատարվեց «Հաղթանակի աղոթք»: Ավանդական դարձած այս գեղեցիկ նախաձեռնության հեղինակն Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցների անդամներն են:


Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ  երիտասարդները,  զինվորներն ու ռազմական բուհերում սովորող կուրսանտներն աղոթք վերառաքեցին առ Աստված՝ գոհություն հայտնելով Ամենազոր Տիրոջը մեր ազգին պարգևած հաղթանակների համար և հայցեցին խաղաղություն մեր Հայրենիքի համար: Մասնակցում էին Հրթիռահրետանային N զորամասի զինվորները՝ գնդերեց Տ. Զաքարիա քահանա Անանյանի գլխավորությամբ:


«Տէր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո»: Սաղմոս ԽԱ 17
Գոհությո՛ւն Քեզ, Տե՛ր Աստված մեր, որ շնորհ արեցիր մեզ՝ գտնվելու սրբություն ճառագող Քո Տաճարում, որի քարեղեն պատերի մեջ կարդում ենք մեր հայրերի հավատքի հոգեղեն ներկայությունը: Փա՛ռք Քեզ, Տե՛ր Աստված, որ եղար ոգեշնչողը, մարտակիցն ու առաջնորդողը հայոց պատերազմի: Փա՛ռք Քեզ, Երկնավո՛ր Տեր, որ հավատարիմ, քրիստոնյա և արիասիրտ ազգի զավակներ ենք, Օրհնությա՛մբդ հաղթանակած ազգի զավակներ: Մենք խոնարհվում ենք մեր սուրբ նահատակների առաջ: Նրանք գերեզմանված չեն, մեր սրտերում են, հոգիների ու հիշողության մեջ: Խունկ և աղոթք քաջորդաց հիշատակին: «Խաղաղություն զիմ տամ ձեզ…» (Հովհաննես ԺԴ 27):


«Տէր Աստուած մեր, տու՛ր զՔո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի… Նշանաւ սուրբ եւ պատուական խաչի քո՝ հալածեա՛ սահմանաց մերոց եւ ի բարկութենէ մերմէ» (Ժամագիրք):


Ողորմա՛ծ Աստված, զորավոր Խաչովդ պահպանիր Հայոց Երկրի բոլոր սահմանները: Գոտեպնդիր մեր քաջազուն զավակներին, զինիր նրանց անսասան հավատքով և աներկյուղ պահիր երևելի և աներևույթ թշնամու հարվածներից:


Բարեսե՛ր Տեր, ընդունիր զավակներիդ աղոթքն առ Աստված: Թող իբրև ահեղ կոչնակ՝ ղողանջեն զանգերն այս Տաճարի և միախառնվելով մեր խնդրանքներին՝ առաքվեն վեր, դառնան Հայր Աստծուն ձոնված օրհներգ ու փառաբանում: Եվ օրհնությամբ թող լցվեն Հայաստան ու Արցախ աշխարհը:
Աստծո շնորհը, սերն ու հավատքն ուժ լինեն մեր կյանքում: Լինենք միակամ ու միաբան: Լինենք և մնանք մեկ ազգ ու մեկ եկեղեցի: Եվ թող Ամենազոր Աջը Քո հովանի լինի մեր ժողովրդին ի Մայր Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս աշխարհի: Ամեն»:


Արարողության ավարտին երիտասարդաց  միությունների անդամներն ու զինվորները հոգևորականների հետ աղավնիներ բաց թողեցին՝ ի նշան խաղաղության:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2017-05-10
×