Նավասարդ Սրբազանն օծեց մասունքակիր խաչը

Նավասարդ Սրբազանն օծեց մասունքակիր խաչը

Մայիսի 7-ին՝ Կարմիր կիրակի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Վահան քահանա Առաքելյաննն էր: Հընթացս Ս. Պատարագի Սրբազան հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի կոնդակը՝ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ: 

 

Ս. Պատարագի ավարտին Սրբազան հայրը սրբալույս Մյուռոնով օծեց արծաթակուռ մասունքակիր խաչը: Այն Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն է ընծայաբերել եկեղեցու բարերար Գեղամ Ղուկասյանը: Սրբազան հայրը շնորհավորելով հավատացյալներին մասունքակիր խաչի օծման առթիվ՝ մասնավորաբար ասաց. «Այսօր մենք նշում են Կարմիր կիրակին: Այս կիրակին մեր հայրերը զգեստավորել են Քրիստոսի՝ խաչի վրա հեղված արյան կարմիր գույնով և իմաստավորել քրիստոնեական վարդապետության խորությամբ:


Տոնի ժողովրդական սովորություններն աղերսներ ունեն բնապաշտական շրջանի հետ: Մեր պատմության ընթացքում ժողովուրդը ստեղծել է գեղեցիկ բանահյուսական գոհարներ և ավադույթներ. մեր հայրերի համար այսօրվա տոնի կարմիր գույնը խորհրդանշող հաղթանակը, ուրախությունը կենցաղում դրևսորում էր հագուստի, երգերի ու տաղերի մեջ:

 

«Կարմիր անուանի օրն այս նազելի,
Զի Տէրն երեւի որպէս ի Զատկի օրն կիրակի:
Եւ այն զի կոչի Կարմիր կիրակի
Եւ յոյժ պատշաճի, զի արեամբ ծաղկի»:

 

Ահա մեր նախնիներից ավանդված գեղեցիկ, բանահյուսական մի գանձ, որը մեզ հնարավորություն է տալիս կարդալ նրանց հոգիները: Այսօրվա ուրախությունն ամբողջանում է քիչ առաջ սրբալույս Մյուռոնով օծված Ս. Խաչի խորհրդով: Եվ մեր աղոթքն է առ Աստված՝ «Յաւել ի մեզ, Տէր ամենակալ, զհաւատ, զյոյս, զսէր, եւ զամենայն գործս առաքինութեան»:


Սուրբ խաչի խորհուրդը ներշնչում է մեզ արարումի և առաքինության՝ մեր հոգիներում զորացնելով հաղթանակի հույսը և հավատքը: Մեր Տեր Հիսուս Քրիստոս վկայում է, որ ամեն ինչ հանարավոր է, եթե հավատք ունենանք: Մաղթում ենք, որ Ս. Խաչի զորությամբ ամեն բարի գործ հնարավոր լինի ձեր կայնքում: Իսկ հույսը, որ վառվել է Լուսավորչի կանթեղից, և հանգրվանել Արագածի գագաթին, թող անշեջ մնա ձեր հոգիներում: Սերը Քրիստոսի զոհաբերությամբ և խաչելությամբ մեր փրկության հիմնական պայմանը դարձավ՝ «Մահուամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբն յուրով մեզ զկեանս պարգեւեաց»:


Խաչի բուն խորհրդը Աստծո՝ մշտոնորոգ սիրո պատգամն է: Այդ սիրով մարդը զոհաբերվում է հանուն ընկերոջ, հանուն հայրենիքի ու հավատքի:


Այսօր օծված խաչը նվիրաբերել է բարերար Գեղամ Ղուկասյանն, ով մշտապես զորակից է այս եկեղեցուն: Որպես իր արդյունաշատ գործունեության գնահատական այսօր մենք նրան Օրհնության գիր ենք շնորհում»:


Սրբազան հայրը Գեղամ Ղուկասյանին հանձնեց Օրհնության գիրն, ապա Պահպանիչ աղոթքով արձակեց հավատացյալներին:


Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը հավատացյալներին տեղեկացրեց, որ Սրբազան հոր տնօրինությամբ ամեն տարի Վարագա Ս. Խաչի տոնը հռչակվում է մասունքակիր այս խաչի ուխտի օր:



Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2017-05-07
×