Տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունը
Տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը հունիսի 12-ին Երևանի քաղաքապետարանում ներկա գտնվեցին Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը:
Երևանի պատմության թանգարանից բերվեց քաղաքապետի լանջաշղթան, որը Տարոն Մարգարյանին հանձնեց ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը երդման արարողությունից հետո ողջունեց նորընտիր քաղաքապետին՝ մասնավորաբար նշելով.
«Վեհափա՛ռ Տեր, մեծարգո՛ պարոն նախագահ, հարգարժա՛ն քաղաքապետ, ավագանու անդամներ և սիրելի՛ ներկաներ,
«Ինչպես ղեկավարն է նավի մեջ, զորապետը՝ զորքում, հովիվը՝ հոտում, և աչքը՝ գլխի վրա, նույնպես և առաջնորդն է իր քաղաքում ու ազգի մեջ: … Եթե առաջնորդը արժանավոր է լինում, հասարակությունն ամբողջապես երջանկություն է վայելում»:
Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցու հոգեշահ այս խրատը թող ոգի և խրախույս դառնա մեր վերընտրված քաղաքապետին և ավագանուն՝ Երևանն առավել բարեզարդելու և երևանցիներին անխոնջ ծառայելու առաքելության մեջ:
Հարգարժա՛ն քաղաքապետ, նախորդ տարիների Ձեր փորձառությամբ, երիտասարդական ավյունով և անհոգնաբեկ ծառայությամբ Դուք արդարորեն վաստակեցիք երևանցիների սերն ու վստահությունը: Արժանավոր զավակի հոգածությամբ և անանձնական նվիրումով «Ավելի լավ Երևան» ունենալու տեսլականը դարձրեցիք իրական և գործառելի՝ առանցք ունենալով հետևողական աշխատասիրությունն ու համակողմանի գործակցությունը: Ինչպես Ս. Պողոս առաքյալն է հորդորում՝ «Քանի դեռ ժամանակ կա, բարին գործենք բոլորի հանդեպ…» (Գաղատացիս Զ 10): Լիահույս ենք, որ Աստծո օրհնությամբ Ձեր առաջիկա պաշտոնավարման տարիները կարդյունավորվեն բարի գործերով և մնայուն ձեռքբերումներով:
Գնահատանքի է արժանի նաև Ձեր ներդրումը մայրաքաղաքում ազգային ավանդույթների պահպանման և տարածման գործում: Պարտքի մեծ գիտակցումի և թեմական միջոցառումներին գործնական մասնակցության շնորհիվ Երևանում առավել ժողովրդականորեն են սերմանվում քրիստոնեությամբ շաղախված ազգային ծեսերն ու տոները:
Հարգարժա՛ն քաղաքապետ և ավագանու սիրելի՛ անդամներ,
Աղոթում ենք, որ հայրենանվեր և ազգասեր ոգով շարունակեք ձեր գովարժան առաքելությունը՝ հանուն բարօր Երևանի և ազգաշահ բարեկերտումների:
Բյուր օրհնություն և սրտաբուխ շնորհավորանքներ Տարոն Մարգարյանին՝ երդմնակալության այս պատասխանատու պահին: Թող Բարեսեր Աստված պարգևի ուժականություն, երիտասարդական և մշտանորոգ խանդավառություն՝ շարունակելու իրագործումների անխաթար ընթացքն՝ ի բարօրություն մեր քաղաքամայր Երևանի և սիրելի երևանցիների»: