Հոգևոր ծառայության և երգահանության խաչմերուկում. «Այդ ո՞ւր առանց հոգու» ձայնասկավառակի շնորհանդեսը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Հոգևոր ծառայության և երգահանության խաչմերուկում. «Այդ ո՞ւր առանց հոգու» ձայնասկավառակի շնորհանդեսը

Հոգևոր ծառայության և երգահանության խաչմերուկում. «Այդ ո՞ւր առանց հոգու» ձայնասկավառակի շնորհանդեսը

Ստեղծագործելն այն եզակի երևույթներից է, որը մեզ մոտեցնում է Արարչին, օգնում է մեզ հասկանալ Նրան ու ընկալել Տիրոջ սերը բնության ու մարդու հանդեպ: Միայն ստեղծագործող մարդը կարող է ամբողջությամբ պատկերացնել, թե ինչ է նշանակում սեփական ներաշխարհից ինչ-որ բան դուրս բերել, ծնունդ տալ դրան ու թույլ տալ, որ այն իր կյանքով ապրի: Այսպես է նաև երգահանության դեպքում. բառն արդեն իսկ հուշում է՝ երգեր հանել, դուրս բերել դրանք ներսից: Տեր Թովմա (Վահան) քահանա Անդրեասյանը երկար տարիներ է, որ հոգևոր ծառայությունը համատեղում է բեղուն ստեղծագործական կյանքի հետ: Նա հեղինակում է երաժշտությունը, երգի բառերը, երբեմն օգտագործում այլ գրողների բանաստեղծություններ՝ հանգավորելով, երաժշտականացնելով, վերաիմաստավորելով դրանք:

 

Հունիսի 6-ին «Գոյ թատրոն» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնում կայացավ Տեր Թովմայի հեղինակած երգերն ամփոփող ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայանասկավառակը կրում էր «Առանց հոգու ու՞ր ես գնում» խորհրդանշական անունը: Այստեղ ներառված էին քահանայի՝ տարբեր տարիների, մասնավորապես ավելի երիտասարդ շրջանի հեղինակած երգերը: Դրանք բոլորն առանձնանում էին իրենց մեղեդայնությամբ, յուրահատուկ գործիքավորմամբ, խորը և դիպուկ քնարերգությամբ: Երգերը մեր մասին էին, մեզ շրջապատող իրականության, այն բոլոր իրողությունների, որոնք մարդը դիմակայում է իր կյանքի ընթացքում: Դրանք բոլորը կրում էին հեղինակի արժեհամակարգի դրոշմը:

 

Դահլիճը մարդաշատ էր. ներկա երաժշտասերների թվում էին քահանայի ընկերները, հարազատները, ընտանիքի անդամները, նաև նրանք, ովքեր որևէ աղերս ունեին ձայնասկավառակում տեղ գտած երգերի ստեղծման հետ:


Այսպես երեկոյի ընթացքում Տեր Թովման հերթականությամբ ներկայացրեց բոլոր երգերի ստեղծման պատմությունը. դրանք բուն երգերի պես սրտառուչ էին, յուրաքանչյուրիս հոգուն ու մտքերին հարազատ, ծանոթ, ապրված:


Տեր Թովման պատմում էր, թե ինչն է նրան ոգեշնչել գրել այս կամ այն երգը,ներկայացնում էր, թե ովքեր են իրեն աջակցել, ձայնակցել, ովքեր են կատարել տվյալ երգը, այնուհետև ձայնասկավառակներ էր շնորհում նրանց, ովքեր տվյալ երգի ստեղծման հետ առնչություն ունեն:


Համերգի ընթացքում ելույթով հանդես եկան երգչուհի Սրբուհի Սարգսյանը, Տեր Թովմայի դուստրը՝ Սոֆյա Անդրեասյանը, քահանայի մտերիմ ընկերները և այլք:

 

Երբ ձայնասկավառակում տեղ գտած բոլոր երգերն արդեն ներկայացված էին, Տեր Թովմա քահանա Անդրեասյանը ներկաներին հրավիրեց համեղ հյուրասիրության և քաղցր զրույցի:

 


Պատրաստեց Ա. Պողոսյանը

  • 2017-06-08
×