Նավասարդ Սրբազանն օրհնեց երեխաներին

Նավասարդ Սրբազանն օրհնեց երեխաներին

Հունիսի մեկին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Երեկոյան ժամերգությունը կատարվեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:  Մասնակցում էին նաև «Կանա» ուսումնական կենտրոնի երեխաները։ Ժամերգության ավարտին երեխաները միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ ընթերցելով Ս. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»–ը։


Ապա Սրբազան հայրն օրհնեց երեխաներին ու շնորհավորեց Երեխաների պաշտպանության օրվա առթիվ։ Նավասարդ Սրբազանը նրանց պատվիրեց իրենց սրտում դաջել քրիստոնեության երեք կարևորագույն գաղափարները՝ հույսը, հավատը, սերը, և միշտ հավատարիմ լինել Աստծուն, հայրենիքին և Եկեղեցուն: 


Թեմի բարեգործական ծրագրերի բաժինը Սրբազան հոր կողմից նվերներ էր պատրաստել երեխաների համար: Ապա՝ երեխաներն իրենց տոնը շարունակեցին եկեղեցու բակում, որտեղ կազմակերպվել էր կավճանկարչություն և խաղեր։


«Մեկ տարի առաջ էր, երբ կենտրոնն սկսեց իր գործունեությունը։ Սկսեցինք ընտանեկան դասընթացներից, որից հետո անցանք  մանկական դասընթացներին։ Դրանց շրջանակում երեխաների համար կազմակերպվում են ուխտագնացություններ, նրանց փորձում ենք տալ հոգևոր գիտելիքներ։ Իսկ հունիսի 7-ից արդեն բացվում է ամառային դպրոց, որտեղ երեխաները հնարավորություն կունենան ստանալ ավելի խորը հոգևր գիտելիքներ», - ընդգծեց «Կանա» կենտրոնի տնօրեն Էլզա Մանուկյանը։


«Մանուկների տոնն աշխարհում ամենալավ բանն է, իսկ ծնողներն աչքի լույսի պես են պահում իրենց երեխաներին։ Ինձ համար այսօր ամենատպավորիչն այն է, որ մենք հերթականությամբ ասեցինք «Հավատո խոստովանիմ»-ը», - տպավորություններով կիսվում է կենտրոնի սան Տրդատ Գասպարյանը (9 տարեկան)


«Ես երեխաներին մաղթում եմ երջանկություն և առողջություն։ Ցանկանում եմ, որ  ծնողներն երկար ապրեն։ Մաղթում եմ լավ տրամադրություն», - ասում է կենտրոնի սան Ասատրյան Վարդանը (14 տարեկան):


Երեխաներին ուղղված մաղթանքներն առատ են և դրանց իրականացման համար կարևոր դերակատարում ունի մեզանից յուրաքանչյուրը։


Կենտրոնի սաներն արդեն բավական գիտելիք ունեն հոգևոր կյանքի մասին: Նրանք մասնակցում են Ս. Պատարագների, միասին ուխտագնացությունների են գնում: Կարևորն այն է, որ սիրով են գալիս եկեղեցի, մասնակցում դասերին և սիրով են աղոթքներ սովորում: Իսկ նրանց հետաքրքրող հարցերի շարքը չի սպառվում:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2017-06-02
×