«Եվ Տերն ուղարկեց ձեզ մոտ իր բոլոր ծառաներին` մարգարեներին, բայց դուք չլսեցիք և ձեր ականջը լսելու չտվիք» (Երեմիա 25:4-5):
Մարգարեներն Աստծո կամքն ու պատվիրանները մարդկանց փոխանցողներն էին: Հին Կտակարանում ներառված են տասնվեց մարգարեների գրքեր: Նրանցից Եսային, Երեմիան, Դանիելը, Եզեկիելը կոչվում են մեծ, իսկ մնացյալ տասներկուսը` փոքր:
Երեմիա մարգարեն Աստվածաշնչի չորս մեծ մարգարեներից է, ում հիշատակը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Աստվածածնի Վերափոխմանը հաջորդող երկրորդ հինգշաբթի օրը, այս տարի՝ օգոստոսի 24-ին:
Երեմիա մարգարեն մարգարեական ծառայությունը սկսում է երիտասարդ տարիքում: Տերը նրան է դիմում` ասելով. «Քեզ որովայնում չստեղծած` ես քեզ գիտեի, և արգանդից դեռ դուրս չեկած` ես քեզ սրբեցի, ես քեզ ազգերի մարգարե եմ դրել»: Երեմիան ասում է, որ դեռ մանուկ է և խոսել չգիտի, իսկ Տերը պատվիրում է նրան. «Մի ասա, թե մանուկ ես, որովհետև պիտի գնաս այնտեղ, որտեղ քեզ կուղարկեմ և ինչ որ պատվիրեմ քեզ, պիտի խոսես: Մի վախեցիր մարդկանցից, Ես քեզ հետ եմ և պիտի փրկեմ քեզ»: Այնուհետև Տերը դիպում է ընտրյալի շրթունքներին և ասում. «Ահա Իմ խոսքը քո բերանը դրեցի: Ահա քեզ այսօր իշխանություն տվի ազգերի ու թագավորութունների վրա, որպեսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու ավերես, կառուցես ու հաստատես» ( Երեմիա 1:9-10):
Երեմիա մարգարեն հրաժարվելով աշխարհիկ կյանքից՝ քառասունհինգ տարի ամենուրեք քարոզում է Աստծո խոսքը: Նրան է պատկանում երկու գիրք՝ նրա մարգարեության գիրքը և հինգ գլխից բաղկացած ողբը: Վերջինս իր մարգարեություններում խոսում է Երուսաղեմ բաբելական զորքերի արշավանքի մասին: Մարգարեն այս դեպքերի պատճառը տեսնում է հրեաների` Աստծուն անհավատարիմ լինելու մեջ, և փրկություն է համարում վերադարձը դեպի Աստված:
Մարգարեն շարունակ պատվիրում է. «Լսեցեք Տիրոջ խոսքը, ով բոլոր Յուդա, որ մտնում եք այս դռներովը` Տիրոջը երկրպագելու» (Երեմիա 7:2): Եվ շարունակ բարեխոսում է Տիրոջը` ժողովրդի փրկության համար: Սակայն տեսնելով ժողովրդի անհավատությունը` («Որդիքը փայտեր են ժողովում և հայրերը կրակ են վառում, և կնիկները խմոր են հունցում, որ երկնքի թագուհիի համար բլիթներ շինեն, և թափելու նվերներ նվիրեն ուրիշ աստվածներրի, որպեսզի ինձ բարկացնեն») (Երեմիա 7:18), Աստված Երեմիային պատվիրում է. «Մի աղոթիր այս ժողովրդի համար, որովհետև ես քեզ չեմ լսելու» (Երեմիա 7: 16-17):
Երեմիայի մարգարեության հիսունմեկերորդ գլխում հիշատակվում է նաև Հայաստանը. «...Հրավիրեցեք նորա դեմ Արարատի, Միննիի և Ասքանասի թագավորությունները...» (Երեմիա 51: 27):
Ժողովրդի մոլորությունը տեսնելով և դրա վատ հետևանքների մասին իմանալով` Երեմիա մարգարեն հաճախ էր արտասվում և ողբում: Երեմիայի գրքում էլ տեղ են գտել ողբեր, և նրան է վերագրվում նաև «Ողբ Երեմիա» գիրքը, որըն Աստվածաշնչում տեղ է գտել հենց նրա մարգարեությունից հետո:
Մարգարեն նահատակվում է Եգիպտոսում` քարկոծվելով հրեաների կողմից, որոնց շարունակ հորդորում էր հրաժարվել անօրինություններ գործելուց և դարձի գալ: Ուխտատեղի դարձած նրա գերեզմանը Եգիպտոսում է:
Վիկտորյա Մարկոսյան