Այնժամ երևաց Տիրոջ հրեշտակը Աննային և ասաց. «Աննա, Աննա, լսեց Աստված քո աղոթքները: Եվ ահա կհղիանաս դու և կծնես աղջիկ, որի անունը կելնի ամբողջ երկրում»: Եվ ասաց Աննան. «Կենդանի է Տերն Աստված իմ, որ եթե ծնեմ մանուկ, արու կամ էգ, կմատուցեմ նրան Տեառն Աստծո իմ, և կլինի պաշտոնյա Նրան իր կյանքի բոլոր օրերին»: Եվ դարձյալ ասում է նրան հրեշտակը. «Ահա Հովակիմը, քո ամուսինը, գալիս է խոյերով, նոխազներով և հորթերով»,- քանզի Տիրոջ նույն հրեշտակը իջավ նրա մոտ և ասաց. «Հովակիմ, Հովակիմ, լսեց Աստված քո աղոթքները: Գնա քո տունը, և կհղիանա Աննան` կինը քո»:
Հովակիմն ու Աննան Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնողներն են, որոնց հիշատակը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Յուղաբեր կանանց հետ, Վերափոխման իննօրյակին անմիջապես հաջորդող երեքշաբթի օրը: Այս տարի օգոստոսի 22-ին:
Աննան և Հովակիմը բարեպաշտ ամուսինն էին, ովքեր սակայն զավակ չունեին, քանի որ Աննան ամուլ էր: Եկավ օրը, երբ Իսրայելի որդիները, նրանց հետ նաև Հովակիմը, ընծաներ էին մատուցում Աստծուն: Ռուփիմ քահանան կանգնեց Հովակիմի դիմաց և ասաց. «Դու իրավունք չունես ընծա մատուցելու Աստծուն, որովհետև դու զավակ չունես»: Այնժամ շատ տխրեց Հովակիմը և տրտում գնաց Տիրոջ տաճարից, բայց չգնաց իր տունը Աննայի մոտ, այլ գնաց լեռներ հովիվների մոտ: Որոշեց չգնալ տուն, ոչ ուտել և ոչ ըմպել, մինչև որ Տեր Աստված չայցելի իրեն: Աղոթքները իրեն դարձրեց կերակուր և արցունքները` ըմպելիք: Իսկ Աննան, տաճարում պատահածի մասին տեղեկանալով, լալագին արտասվում է և ուխտ է անում, որ եթե իրեն զավակ տրվի, կնվիրի Աստծուն:
Եվ ահա ամուսիններն արժանանում են Աստծո պատասխանին: Աննան հղիանում է և ծնում Մարիամին, որ նշանակում է «լուսավորյալ»:
Աստվածամոր ծնողների հիշատակի հետ միասին Հայ Եկեղեցին նշում է նաև Յուղաբեր կանանց հիշատակության օրը:
Երբ եկան խռովության օրերը անգամ աշակերտները թողեցին Տիրոջը, վախեցան ու փախան: Տիրոջ հետ մնացին միայն նրանք ում մասին Ավետարանում , մինչև Գողգոթայի դեպքերը ոչինչ չի ասվում: Գողգոթա բլրի վրա խաչի առջևից անցնողները, նայելով Քրիստոսին, նախատում էին ու ծաղրում Նրան: Խաչի մոտ էին միայն Աստվածամայրը, սիրելի առաքյալ Հովհաննեսը և կանայք, ովքեր առաքյալների հետ միասին հետևել և ծառայել էին Քրիստոսին:
Յուղաբեր կանայք էին Մարիամ Մագդաղենացին, Սողոմեն, Հովհաննան, Շուշանը, Տեառնեղբայրների մայրը ՝ Մարիամը և ուրիշներ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին