Վեհափա՛ռ Տեր,
Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևոր դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ:
Աստծո կամոք տարիներ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ձեզ փոխանցվեց Լուսավորչի Աթոռի գահակալությունը: Ձեր եկեղեցասիրությամբ, անձանձիր ծառայասիրությամբ և անսակարկ նվիրումով Դուք եղաք համայն հայության և հոգևորականության հավատքի առաջնորդը: Ձեր հայրախնամ հոգածությունը, ողջախոհությունն ու ապրեցնող խրատները դարձան մղիչ ուժ և խավարացիր լույս՝ հոգևոր առաքելության մեջ առաջ ընթանալու և Քրիստոսի ճշմարտություններով ապրելու համար: «Երբ մարդկային խոհերն ու գործերը ծնունդ են առնում և առաջնորդվում Աստծո հանդեպ հավատքով ու միմյանց հանդեպ սիրով, դա Քրիստոսի մեջ եղող կյանքն է… Երբ 30 արծաթով չեն հարթվում հուդայական կեղծիքի ու մատնության ուղիները, և պիղատոսյան անտարբերություններ չեն իրագործվում, դա այն կյանքն է, որ Քրիստոսի մեջ է, երբ նեղության, թե լիության մեջ աղոթքը և առ Աստված փառաբանությունն են մարդկանց շուրթերին, …դա այն կյանքն է, որ Քրիստոսի մեջ է…» (Գարեգին Բ):
Վեհափա՛ռ Տեր,
Աղոթական հոգով հայցում ենք առ Աստված, որ Երկնավոր Տերը երկար և քաջառողջ տարիներ պարգևի Ձերդ Սրբությանը: Թող Նրա զորակցությունը և առաջնորդությունը առավել բեղումնալից դարձնեն Ձեր գահակալությունը՝ ի փառս Աստծո և ի պայծառություն Հայոց Առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու:
Մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Սուրբ և Օծյալ Աջույն՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ