«Լույսը հոսելով վերևից ներքև՝ մինչև երկիր էր հասնում»։ Աստծո Միածին Որդին, ոսկե ուռը ձեռքին՝ իջավ Վաղարշապատ քաղաքը և Նրա իջման տեղում (որը կոչվեց Էջմիածին) կաթեց աստվածային շողն, ու լուսեղեն տեսիլքով գծագրվեց Մայր Տաճարը:
Ս. Աստվածածնի վերափոխման տոնի կիրակիին նախորդող շաբաթ օրը Հայ Եկեղեցին նշում է Շողակաթի տոնը։ Այն հանդիսանում է Վերափոխման նավակատիքը, քանի որ Քրիստոսի շնորհընկալ մայրը՝ սուրբ Եկեղեցին, ամեն օր ծնում է Քրիստոսին իր սրտում՝ սուրբ Սեղանի վրա, այդ պատճառով էլ սուրբ Գրիգորի կողմից Սուրբ Էջմիածնի տաճարի ավագ խորանն Աստվածածին է կոչվում:
«Տեսա մարդկային մի ահավոր կերպարանք, բարձր ու ահեղ, որն առջևից էր ընթանում և վերևից մինչև ներքև վայրեջքի առաջպահն էր: Նա ձեռքին ուներ ոսկե մի մեծ մուրճ, և բոլորը Նրա ետևից էին գալիս: Ինքը գալիս էր սլանալով, խոյանալով արագաթև արծվի նմանությամբ ու իջավ հասավ մինչև երկրի հատակը, քաղաքի մեջտեղը, խփեց լայնատարած գետնին, որից մեծ ու անչափ թնդյուններ հնչեցին անդունդների սանդարամետից: Ամբողջ երևացող երկիրը, աչքին տեսանելի լինելու չափ, հարթ հավասար դաշտաձև տափակացավ: Եվ տեսա քաղաքի մեջ, արքունի ապարանքի մոտ, ճախարակաձև ոսկե խարիսխ, խոշոր բլրի մեծությամբ և նրա վրա հույժ բարձր հրեղեն սյուն, իսկ վրան՝ ամպե խոյակ՝ լուսեղեն խաչով:
Նայեցի և տեսա երեք այլ խարիսխներ ևս. Մեկն այն տեղում, ուր նահատակվեց Ս. Գայանեն՝ երկու ընկերների հետ, մյուսն այն տեղում, ուր Ս. Հռիփսիմեն նահատակվեց երեսուներկու ընկերների հետ և մեկն էլ՝ հնձանի տեղում: Այդ խարիսխները կարմիր էին արյան գույնով, սյուներն ամպեղեն էին, և խոյակները՝ հրեղեն»։ Այսպես է Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի մասին գրում Ագաթանգեղոսը:
Սրբի այս տեսիլը կոչվում է «Շողակաթ»՝ ի պատիվ այն լույսի, որը Լուսավորիչն արժանանում է տեսնել երկնքից կաթող շողի տեսքով:
Այսպես պատմությունից մեզ հայտնի է դառնում, թե ինչպես կառուցվեց Շողակաթ եկեղեցին, որտեղ գտնվում են Ս. Մարիանե կույսի մասունքները: Նա Հռիփսիմյաց կույսերից էր, ովքեր փախչելով Հռոմի կայսեր Դիոկղետիանոսից բնակություն են հաստատում Հայոց մայրաքաղաք Վաղարշապատում և նահատակվում են հանուն հավատքի։ Նրանց նահատակության վայրերում հետագայում ըստ Լուսավորչի տեսիլքի, Տրդատ Գ-ի օգնությամբ կառուցվում է երեք մատուռ. առաջինը՝ Սուրբ Հռիփսիմեի գերեզմանի վրա, երկրորդը՝ Սուրբ Գայանեի, և երրորդը՝ հնձանում՝ այն կույսի գերեզմանի վրա, ով հիվանդության պատճառով չկարողանալով միանալ Հռիփսիմեի մարմինը թաղելու համար գնացած քույրերին՝ մնում է հնձանում և այնտեղ էլ նահատակվում է:
Լուսավորչի տեսիլքի լույսով Հայ Առաքելական եկեղեցին հաստատել է երկու կարևոր տոն. առաջինը՝ «Տոն Կաթողիկե Ս. Էջմիածնի», որը կատարվում է Հոգեգալստից երկու կիրակի անց, երկրորդը՝ «Տոն Շողակաթի Ս. Էջմիածնի»՝ Հոգեգալստից 11 օր անց՝ Աստվածածնի Վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը և հանդիսանում է Վերափոխման նավակատիքը:
Ս. Շողակաթ վանքը կառուցվել է 18-րդ դարում Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսի օրոք և Ս. Գայանե ու Ս. Հռիփսիմե եկեղեցիների հետ միասին մինչ օրս համարվում նվիրական սրբատեղի, որտեղ բազմաթիվ հրաշքներ ու բժշկությւններ են կատարվում։
Նախշ Ավոյան