Ս.Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ս.Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

Ս.Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օր

«Գնացեք, ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28:19)


Քրիստոս Իր համար առաքյալներ ընտրեց, արդարացրեց նրանց, մաքրագործեց, սովորեցրեց Իր երկնային պատվիրանները և իշխանություն տվեց Իր անունով քարոզել, հիվանդներին օծել և բժշկել, մեղքերին թղություն տալ. Հարությունից հիսուն օր հետո նրանք կատարեցին իրենց առաքելական հանձնարարությունը:
Հիսուսի ընտրած տասներկու առաքյալներից Հայաստան եկան երկուսը՝ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալները:


Նրանք եղան Հայաստան աշխարհի լուսավորիչներն ու առաջին քարոզիչները, սակայն քարոզչական գործունեթյան մեջ իրենց կարևոր դերն են ունեցել նաև հավատքի առաջին նահատակները, որոնց իրավամբ կարելի է անվանել առաքյալներ:


Հուլիսի 29-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օրը:


Ս. Թադեոս առաքյալն Ավետարանում հիշատակում է մի քանի անուններով. Թադեոս (Մարկոս 3.18), Ղեբեոս (Մատթեոս 10.3) և Հուդա (Ղուկաս 6.16, Գործք Առաքելոց 1.13): Հերոնիմոսը Թադեոսին կոչում է Եռանվանի (Trinomius), որը նշանակում է երեք անուններ ունեցող մարդ:


Հայկական ավանդությունը, որը փոխանցում է Մովսես Խորենացի պատմահայրը, հայտնում է, որ Եդեսիայի Աբգար արքայի սուրհանդակները ցանկանում էին տեսնել Քրիստոսին` Աբգարի անունից խնդրելու գնալ Եդեսիա և բժշկել արքային: Ավանդությունն ասում է, որ Հիսուս ինքը չգնաց, սակայն խոստացավ ուղարկել իր առաքյալներից մեկին: Այդ առաքյալը Ս. Թադեոսն էր, ով Քրիստոսի համբարձումից հետո մեկնեց Եդեսիա, քարոզեց, բժշկեց և դարձի բերեց Աբգարին:
Ս. Թադեոսը քրիստոնեություն քարոզեց ոչ միայն արքունիքում, այլ նաև ժողովրդի մեջ: Շատերը հավատացին Քրիստոսին և մկրտվեցին: Եդեսիայում քարոզչությունն ավարտելով՝ առաքյալն անցավ Հայաստան:


Գալով Արտազ գավառ, առաքյալը մտնում է հայոց արքունիք և դարձի բերում արքայադուստր Սանդուխտ կույսին: Իրազեկ դառնալով այդ ամենին` հայոց Սանատրուկ արքան սկզբում հորդորում է դստերը ետ դառնալ նախկին հավատին, սակայն՝ ապարդյուն: Զայրացած արքան թե՛ Թադեոս առաքյալին և թե՛ Սանդուխտ կույսին նետում է բանտ և դաժան տանջանքների ենթարկում: Հոր քնքուշ խոսքերն ու սպառնալիքները չեն կարողանում տկարացնել իշխանուհուն: Ի վերջո, տեսնելով իշխանազուն կույսի անդրդվելի կորովն ու հավատքը, Սանատրուկը հրամայում է սպանել նրան: Դահիճը, ով պիտի գլխատեր Սանդուխտին, սրով խոցում է արքայադստեր սիրտը: Երեք օր Սանդուխտի մարմնի վրա երկնքից իջած լույս է տարածվում: Նրան թաղում է Ս. Թադեոս առաքյալը, որից հետո ինքը ևս նահատակվում է: Ս. Սանդուխտը համարվում է առաջին հայ քրիստոնյա մարտիրոսուհին:


Ըստ ազգային ավանդության՝ Թադեոս առաքյալն իր հետ Հայաստան բերեց սուրբ Գեղարդը (նիզակ, տեգ), որով զինվորը խաչի վրա խոցեց Հիսուսի կողը (Հովհաննես 19.34), ինչպես նաև մի բաժին այն յուղից, որ Հիսուս փոխանցել էր առաքյալներին: Այդ պատճառով այժմ մյուռոնօրհնության ժամանակ հին Մյուռոնից որոշ մաս են խառնում նորին, իսկ Ս. Թադեոս առաքյալը միշտ պատկերվում է սուրբ Գեղարդը ձեռքին: Այդ սրբությունը մինչ օրս պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:


Սուրբ Թադեոս առաքյալի գերեզմանն Արտազ գավառում է (ներկայիս Իրանի Ատրպատական գավառի արևմտյան կողմը): Հետագայում նրա գերեզմանի վրա կառուցվեց Ս. Թադե վանքը (Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեան, «Աստուածաշնչական սուրբեր»):


Ս. Սանդուխտ կույսի գերեզմանը երկար ժամանակ անհայտ էր: Տարիներ անց Կիրակոս անունով մի միայնակյացի տեսիլքով հայտնվում է գերեզմանի տեղը (Տ. Թորգոմ պատրիարք, «Սուրբք և Տօնք Հայաստանեայց եկեղեցւոյ»): Ըստ Օրմանյանի վկայության, Ս. Սանդուխտ կույսի գերեզմանը գտնվում է Նարեկավանքում, որի բուն անունն է Ս. Սանդուխտ վանք: Օրմանյանն ավելացնում է նաև, որ Ս, Սանդուխտ կույսի հիշատակը, ըստ նախնական տոնացույցերի, առանձին էր կատարվում, հետո սակայն միացվեց Ս. Թադեոս առաքյալի տոնի հետ:


Հայոց եկեղեցին Ս. Թադեոս առաքյալին հիշատակում է տարին երեք անգամ, նախ` տասներկու առաքյալների շարքում, երկրրոդ` Ս. Սանդուխտ կույսի հետ և երրորդ` Ս. Բարդուղիմեոս առաքյալի հետ:


Առաքյալները եղան այն մարդիկ, ովքեր ուղարկվեցին Քրիստոսի կողմից՝ քարոզելու բարի լուրը՝ Աստծո թագավորության հաստատումը երկրի վրա: Եվ բոլորովին պարտադիր չէ առաքյալ ասելով հասկանալ միայն Քրիստոսի 12 աշակերտներին: Ս. Սանդուխտ կույսը և նրա նման շատ այլ նահատակներ ևս եղան Աստծո խոսքը տարածողներն ու Քրիստոսի առաքյալները երկրի վրա:

 


Հասմիկ Թամամյան

  • 2017-07-28
×