Հավատով ճանապարհել ու հավատը որպես զենք ունենալ՝ երկու տարի սպասելու համար: Արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել նորակոչիկներին եկեղեցու բակից բանակ ճանապարհելը: Բայց որքան կարևոր ու հուզումնալից է նրանց ճանապարհելը, այնքան կարևոր է նաև նրանց երկու տարի հավատով ու աղոթքով սպասելն ու դիմավորելը:
Եկեղեցուց ճանապարհել են, եկեղեցում էլ դիմավորում են։ Հուլիսի 26-ին ԱՀԹ Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում դիմավորեցին 2 տարի առաջ բանակ ճանապարհած տղաներին, ովքեր վերադարձան որպես հերոսներ:
Միջոցառումը սկսվեց օրհնության խոսքով և աղոթքով, որին մասնակցում էին քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, Ազգային Ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, տղաների ծնողները և այլ հյուրեր:
Օրհնության խոսքից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ փոքրիկ համերգային ծրագիր Նոր Նորքի մշակույթի տան սաների մասնակցությամբ:
«Տղաս այնտեղ զենքով էր կռվում, ես այստեղ ի՞նչ կարող էի անել. միայն աղոթել ու սպասել: Դժվար էր երկու տարի սպասել և ուժեղ լինել, դժվար էր հավատը չկորցել՝ մանավանդ ապրիլին: Բայց ես գիտեի, որ որդուս տվեցի Աստծո պաշտպանությանը, եկեղեցուց ճանապարհեցի, եկեղեցում էլ դիմավորում եմ: Բոլոր ծնողների աչքները լույս, իրենց հերոսները տուն են եկել», - ասում է զորացրված տղաներից մեկի մայրը:
Հասմիկ Թամամյան