Վարդավառ. «Վերականգնենք մեր ազգային տոները»

Վարդավառ. «Վերականգնենք մեր ազգային տոները»

Հուլիսի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ թեմի երիտասարդաց միությունները կազմակերպեցին Վարդավառի տոնախմբություն՝ «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո։ Թեմի երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ամեն տարի նրանք նոր շունչ են հաղորդում ազգային տոներին՝ վերարթնացնելով ժողովրդական գեղեցիկ սովորությունները:


Վարդավառի նախատոնակը նշվեց զուռնա–դհոլով, երգուպարով, ազգային տարազներով: Տոնական շքերթը սկսվեց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց, որտեղից մասնակիցները շարժվեցին դեպի մանկական զբոսայգի։


Տոնական երեկոն հագեցած էր Վարդավառի տոնական երգերով և խաղերով։ Տոնախմբությանը մասնակցում էին «Մասունք», «Վարք հայոց», «Վան», «Վերադարձ», «Զարթոնք», «Նուբար» ազգագրական երգուպարի խմբերը, Երևանի վարչական շրջանի մշակույթի բաժինների ենթակայության ներքո  խմբերն ու դրանց անդամները։


Այգում ներկայացվեցին տոնի ժողովրդական սովորույթները. կրակի մեջ խնձոր խորովեցին, ցորենի հասկերից խաչբուռ պատրաստեցին, բեմադրեցին խնդումի և պուռմատիկինի ծիսական դրվագները: Բեմականացվել էր նաև Նոյ նահապետի ու նրա ընտանիքի իջնելն Արարատ լեռից: Միջոցառումն ավարտվեց ջրախաղով և աղավնիներ երկինք բաց թողնելով:

  • 2017-07-23
×