Սեպտեմբերի 28-ին Արարատյան Հայրապետական թեմի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ բատիկի դասընթացն ամփոփող ցուցահանդես: Մասնակիցներն իրենց աշխատանքներն էին ներկայացնում ու նշում, որ դասընթացն ավելի քան օգտակար էր, քանի որ յուրաքանչյուրը կարողացավ իր մասնագիտությանը համապատասխան լուծումներ ստանալ կատարված աշխատանքներում:
Ցուցահանդեսի բացման արարողությունը կատարեց Տեր Եսայի քահանա Արթենյանը, ով հաջողություն մաղթեց մասնակիցներին իրենց հետագա գործունեության ընթացքում:
Ամռանն Արարատյան Հայրապետական թեմի ուսումնական կենտրոնը և Տերյան մշակութային կենտրոնը որոշեցին համատեղ իրականացնել դասընթաց, որի ընթացքում 18 տարեկանից բարձր աղջիկներն ու կանայք հնարավորություն ստացան կարճ ժամանակահատվածում ձեռք բերել նոր մասնագիտություն երեք դասընթացների համար՝ գորգի նախագծում, Քիլիսի ասեղնագործություն, բատիկ:
Կարինե Չատինյանը, ով բատիկի խմբի մասնակիցներից է, նշեց.
- Դասընթացն ինձ տվեց ազատ մտածելակերպ, գույների ընտրություն, նյութերի հետ աշխատելու հնարավորություն: Ես մասնագիտությամբ մոդելավորող-դիզայներ եմ, բայց երբեք չեմ աշխատել իմ մասնագիտությամբ: Սպասելիքներս դասընթացից ավելի քան արդարացան: Ծանոթացա հիանալի մարդկանց հետ: Մեզանից շատերն անգամ նկարել չգիտեին:
Ցուցահանդեսի ժամանակ հայտարարվեց նաև նոր դասընթացների մեկնարկի մասին, որտեղ կդասավանդեն Տերյան մշակութային կենտրոնի դասախոսները, իսկ բատիկ կդասավանդի արդեն այս դասընթացում առավել հմտացած մասնակիցներից մեկը:
Պատրաստեց Սուսաննա Գրիգորյանը