Յուրաքանչյուր ազգ, ժողովուրդ հանդիսանում է իր նախնիների հոգևոր և նյութական մշակույթի, ծիսական ու կրոնական համոզմունքների, էթնիկ ու կենցաղային սովորույթների կրողն ու փոխանցողը ներկա ու ապագա սերունդներին։ Եթե այսօր երեք երիտասարդ ամսական մեկ կամ մի քանի անգամ գնան գյուղ՝ տեղի համայնքին ազգային պարեր ուսուցանելու՝ ուրեմն այդ ազգի հոգևոր և մշակութային արժեքների փոխանցման ընթացքը երբեք չի դադարի։
Ինչի՞ համար կարելի է գնալ եկեղեցի․ մոմ վառելու, աղոթելու, Աստծուց ինչ-որ բան խնդրելու կամ Նրան շնորհակալություն հայտնելու։ Սակայն այսօր Եկեղեցին աղոթատեղի լինելուց բացի, նաև հոգևոր, կրթական և մշակութային առաքելություն ունի հավատացյալի կյանքում։
Սովորաբար մարդկանց եկեղեցի է կանչում զանգերի ձայնը, սակայն սեպտեմբերի 27-ին Արևշատի եկեղեցում բնակիչները, գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու մանկապարտեզի սաները հավաքվել էին ազգային երգուուպարի հնչյունների ներքո։
Կարևորելով ազգային պարերի տեղն ու դերը ժամանակակից մարդու կյանքում՝ Արևշատի Ս․ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Սարգսյանի նախաձեռնությամբ ամիսը մեկ անգամ եկեղեցու բակում տեղի է ունենում ազգագրական պարերի երեկո և պարուսուցում։ Տեր հայրը նպատակ ունի շեշտել ազգագրական պարերի բացառիկ դերն ու նշանակությունն ազգային ոգու վերարթնացման գործում, ինչպես նաև դրա միջոցով գյուղի բնակչությանը համախմբել եկեղեցու շուրջ։
«Ազգային պարերի այս դասերը մեր առօրյան ավելի հետաքրքիր ու բազմազան են դարձնում։ Դպրոցից բոլոր ընկերներս գալիս են»,- ասում է Արևշատի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ժաննա Վարդանյանը։
Պարերի դերը շատ կարևոր է ազգային դիմագծի ընդգծման և սերնդի դաստիարակման գործընթացում: Սա գիտակցում է նաև ժամանակակից սերունդը։
«Ի սկզբանե Տեր հոր հետ նպատակ ունեինք անել այնպիսի մի բան, որ երեխաներին և համայնքը բերի դեպի եկեղեցի։ Մեզ համար կարևոր է վերականգնել քրիստոնյայի կերպարը. ազգայինը և պարերը այդ նպատակին են ծառայում։ Սա միջոց է համայնքը, մարդկանց եկեղեցուն և ազգայինին կապելու համար։ Ազգային պարերի դասեր Երևանում կազմակերպվում են, մենք ցանկանում ենք շեշտը դնել նաև այստեղի բնակչության մեջ ազգայինը վերարթնացնելու վրա, - ասում է պարուսույցներից Հայարփի Կարեյանը։
«Մարդկային կյանքի աչքի զարնող երևույթներից մեկն էլ պարն է: Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքերն ու քաղաքակրթության աստիճանը. որովհետև թեպետ մարդ պարում է ազատ կամքով, բայց մարմնի տեսակ-տեսակ շարժումներն ակամա մատնում են ներքինը»: (Կոմիտաս)