«Բարև ձեզ, մենք Հայ Առաքելական եկեղեցու երիտասարդներից ենք։ Այսօր Խաչվերաց տոնն է, և այդ առիթով ցանկանում ենք Ձեզ խաչ նվիրել»։
Սեպտեմբերի 16-ին՝ Խաչվերաց տոնի նախօրյակին, հենց այս բառերով էին Եկեղեցու երիտասարդաց միությունների անդամները բարձրանում երթուղայիններ և փոխանցում Խաչի տոնի խորհուրդը։ Վարորդները ուրախությամբ էին լսում և ընդունում երիտասարդների նվերը, բայց․․․կա մի նախապայման։
«Կխնդրենք խաչի փոխարեն մեզ տալ ձեր մեքենայում կախված աչքի ուլունքները»։ Այս լսելով՝ որոշ վարորդներ համաձայնվում են փոխել աչքի ուլունքը խաչի հետ, իսկ որոշները հրաժարվում են ընդունել այն։ Բայց երիտասարդները չեն ընկճվում և արդեն չորրորդ տարին է, ինչ Ս․ Խաչին նվիրված տոների առիթով երթուղայիններում իրականացնում են խաչի քարոզ նախագիծը։
«Վարորդները սկզբում չեն համաձայնվում տալ աչքի ուլունքները։ Ասում են, թե նվեր է կամ մեքենայի մեջ միշտ եղել է ու հիմա չեն կարող հանել, բայց հիմնականում կարողանում ենք բացատրել նրանց խաչի խորհուրդն ու վերցնել աչքի ուլունքները», - ասում է երիտասարդներից մեկը։
Հեռվից նայելով երիտասարդների դեմքին՝ արդեն կարելի է հասկանալ նրանց հաջողվե՞լ է աչքի ուլունքի փոխարեն խաչ կախել երթուղայինում, թե՞ ոչ։ Միության անդամներից Հրաչի ու Հասմիկի դեմքից ժպիտը չէր պակասում։ Երկու ժամում նրանք կարողացան 10 աչքի ուլունք փոխարինել խաչով։
Այս տարի քարոզն իրականացվեց Ազատության պողոտայում, որից առաջ ավանդույթի համաձայն երիտասարդները հանդիպեցին առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցում, ստացան երիտասարդաց միությունների համակարգող տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի օրհնությունը և նոր սկսեցին քարոզը։
Երթուղայինի վարորդներին երիտասարդներն արդեն դեմքով էին ճանաչում, բարևում, իսկ անցյալ տարիների իրականացված ծրագրի ընթացքում արդեն խաչ ստացած վարորդները դանդաղեցնում էին ընթացքը, ժպտում, ցույց տալիս խաչն ու անցնում։
Շատ երթուղայիններում արդեն կախված էին խաչերը, և երիտասարդներին մնում էր միայն ուրախանալ կատարված աշխատանքի արդյունքով և նոր ուժ ստանալ հետագա ծրագրերի համար։
Հասմիկ Թամամյան