Ծննդատան դիմաց անհանգիստ այս ու այն կողմ քայլող տղամարդու դեմքին ժպիտ եկավ միայն այն ժամանակ, երբ լսվեցին ծննդատան բակում գտնվող մատուռի զանգերը: Արդեն մի քանի տարի է, ինչ «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը երեխայի ծնունդն ավետում են հենց այդ զանգերը:
Սեպտեմբերի 8-ին մինչ ապագա հայրիկները սպասում էին ծննդատան բակում, ԱՀԹ երիտասարդները երիտասարդաց միությունների պատասխանատու Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ այցելեցին ծննդատան նորածիններին ու նրանց մայրիկներին:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամները ծննդատներ են այցելում Ս. Տիրամորը նվիրված բոլոր տոներին՝ շնորհավորելու և Ս. Մկրտության խորհուրդը փոխանցելու նորածիններին ու նրանց ընտանիքներին: Իսկ այսօր շնորհավորելու ևս մեկ առիթ կար, քանի որ սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը:
Տեր հայրն օրհնեց բոլոր մայրերին ու նորածիններին, շնորհավորեց Ս. Տիրամոր ծննդյան տոնի կապակցությամբ և Արարատյան Հայրապետական թեմի կողմից բոլոր երեխաներին նվիրեց օրհնված խաչեր, սրբիչներ, նարոտ ու ձեռագործ գուլպաներ:
Օրվա ավարտին երիտասարդները այցելեցին նաև ծննդատան բակում գտնվող՝ Ս. Աստվածածնի անունը կրող մատուռ, որտեղ մոմ վառեցին և Աստվածամոր բարեխոսությունը խնդրեցին բոլոր մայրերի, նորածիների և իրենց ընտանիքների համար:
Հասմիկ Թամամյան