«Մենք դարձանք հայ քրիստոնյա»

«Մենք դարձանք հայ քրիստոնյա»

«Հպարտ ենք հիմա, որ հայն ունի մեծ հայուհի։ Ձեր օգնությամբ և Արարչի օրհնությամբ այսօր դառձանք իսկական հայ քրիստոնյա»։ Այս խոսքերով փոքրիկ Ավետիսը դիմեց հոլանդահայ բարերարին, ում հովանավորությամբ մկրտվեց ու դարձավ իրական քրիստոնյա։


Հոկտեմբերի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի Վեդիի Ս․ Աստվածածին եկեղեցում մկրտվեցին Վեդիի և Վանաշենի համայնքների 107 հավատացյալներ։ Արարողությունը կատարեցին Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը և Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը։


«Շատ էինք սպասում այս օրվան, ուղղակի միշտ չէր ստացվում, հիմնականում՝ ֆինանսական պատճառով։ Շնորհակալ ենք բարերարին այս հնարավորության համար», - ասում է մկրտվող երեխաներից մեկի մայրը։


Արդեն չորս տարի է, որ Հոլանդիայում բնակվող հայուհին նախաձեռնում է բարեգործական այսպիսի միջոցառումներ Հայաստանում։


«Երկու տարի աղոթում էի, որ Աստված ճանապարհ ցույց տա, թե ինչպես ծառայեմ Իրեն։ Ու մի օր լսեցի պատասխանը. «Գնա Հայաստան, օգնիր մարդկանց մկրտվել», - ասում է բարերարը ու խնդրում չնշել իր անունը։



Աստծուն ծառայելու ճանապարհները տարբեր են, և կյանքում այդ նպատակին ծառայելու համար մեզ տարբեր ուղիներ են հանդիպում։ Յուրաքանչյուրն ազատ է ընտրության հարցում: Մարդը միշտ ազատ է ընտրել՝ նվիրել, թե՞ ստանալ, սիրել, թե՞ թշնամանալ, ծառայել Աստծուն, թե՞ հրաժարվել Նրանից: Այս ճանապարհին ճիշտ ուղղություն գտնելու համար հարկավոր է լսել Նրա ձայնը ու անկեղծորեն ցանկանալ ծառայել Նրան։


Հասմիկ Թամամյան

  • 2017-10-21
×