Հոկտեմբերի 20-ին Դավիթաշենի համար 200 դպրոցում ինտելեկտուալ իրարանցում էր։ Համայնքի բոլոր դպրոցներից աշակերտներ էին եկել` ստուգելու իրենց հոգևոր գիտելիքները։
Եկեղեցի, մշակույթ, կինո, մաթեմատիկա։ Երեք փուլից կազմված խաղի կանոնները շատ պարզ են․ ամեն փուլում` 10 հարց, յուրաքանչյուրի հարցի համար` մեկ րոպե ժամանակ։ Դավիթաշենի Ս. Նահատակաց եկեղեցու երիտասարդաց միության անդամները եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարությանի գլխավորությամբ արդեն ութերորդ տարին է, ինչ կազմակերպում են միջդպրոցական ինտելեկտուալ խաղ՝ ջանք չխնայելով, որպեզի երեխաների մեջ սովորելու, գիտելիք ստանալու հանդեպ հետաքրքրություն առաջանա։
«Այս խաղը ևս մեկ առիթ է՝ աշակերտների մեջ զորացնել սերը դեպի ընթերցանությունը։ Մեր նպատակն է, որ աշակերտները ձեռք բերեն գիտելիքներ, իմաստություն, որոնք հետագայում օգտագործեն հայրենիքի և Հայ Առաքելական եկեղեցու զորացման համար։ Սա կարևոր ներդրում է, - ասում է տեր հայրը և հավելում, - դե ինչ, սկսենք, և թող հաղթի լավագույնը»։
Խաղը սկսվում է, և այդ պահից սկսած աշակերտները համարվում են գիտակներ։ Գիտակների միջև պայքարն անցավ թեժ մթնոլորտում, ինչն ապացույցն է այն բանի, որ մասնակիցները մեծ ոգևորությամբ են մոտենում խաղին։
Երեք փուլերի արդյունքում հաղթող ճանաչվեց «Նռանի» թիմը։ Երկրորդ տեղում «Բարդուղիմեոս» թիմն էր և երրորդ տեղում՝ «Սասնա ծռեր»-ը։ Բոլոր մասնակիցները աղոթագրքեր, գրքեր և խաչեր ստացան, իսկ առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը ստացան պատվոգրեր և հաղթական գավաթներ:
Հասմիկ Թամամյան