Հոկտեմբերի 2-ին Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում Արարատյան Հայրապետական թեմի Ս. Երրորդուրթյուն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պարթև քահանա Մուրադյանը պսակի խորհրդով միացրեց երկու զույգ տարեցների՝ Հասրաթին ու Նվարդին, Վալերիանին ու Արաքսյային: Նրանք ծանոթացել են տուն-ինտերնատում, սիրահարվել ու որոշել են միասին անցկացնել իրենց կյանքը:
Պսակադրության արարողությունից հետո երկու ամուսնությունները գրանցվեցին քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության աշխատակցի կողմից, նորապսակներին տրամադրվեցին ամուսնության վկայականներ:
Հարսանիքը համընկել էր Տարեցների միջազգային օրվան: Նորապսակներին ու տուն-ինտերնատում ապրող մյուս տարեցներին շնորհավորելու էին եկել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, հաղորդավար Սուսաննա Շահինյանը, Արաքս Գյուլզադյանը, Թովմաս Պողոսյանը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին