Նկարչությունը՝ անհատական աշխարհընկալման արտացոլում

Նկարչությունը՝ անհատական աշխարհընկալման արտացոլում

Նորք-Մարաշ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու ուսումնական կենտրոնի սենյակներից մեկը վերածվել է արվեստանոցի, որտեղ երեխաները հոգևոր արժեքներին տալիս են նոր ձևեր, նոր գույներ ու վերարտադրում դրանք իրենց նկարների մեջ:


Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ եկեղեցու նորակառույց ուսումնական կենտրոնում անցկացվում են մանրանկարչության, նկարչության դասընթացներ երեխաների համար:


- Գեղեցիկը տեսնելը, գեղեցիկը զգալը շատ կարևոր է երեխաների համար: Եթե որպես նկարչության մի մաս նրանք սկսեն մտածել գեղեցիկի մասին, տեսնել դա, ապա ամենուր կկարողանան գտնել այն, - ասում է խմբակի ղեկավար տիկին Անահիտը:


Եկեղեցի, սարեր, անտառներ, երկրաչափական պատկերներ. թեմաները տարբեր են, նպատակը մեկն է՝ երեխաներին սովորեցնել զգալ, տեսնել և վերարտադրել գեղեցիկը, բարին:
Դասի ընթացքում տիկին Անահիտը հետևում է, թե ինչպես են նկարում երեխաները, ինչպես են համադրում գույները, խորհուրդներ և երբեմն էլ նկատողություններ է անում, որպեսզի իր սաները կարողանան սովորել արվեստի հմտությունները:


Խմբակի մասնակից 10-ամյա Դիանան ժպիտով ու ավելի եռանդով է շարունակում նկարել աշունն անգամ ուսուցչուհու նկատողությունից հետո: Ասում է, թե ամենևին էլ չի նեղանում կամ տխրում, այլ ավելի է ոգևորվում, քանի որ դրանից հետո ավելի ճիշտ ու գեղեցիկ է ստացվում նկարը:


- Էստեղ հանգիստ է: Նկարելուց հանգստություն եմ զգում: Իմ հայրիկը նկարիչ է, ու ես էլ որոշեցի սովորել, բայց չգիտեմ՝ նկարչուհի կդառնամ, թե չէ: Նկարելը հետաքրքիր է: Օրինակ, որ ասում են՝ խաղաղություն նկարիր, ես զինվոր եմ պատկերացնում, հայկական դրոշ ու կապույտ գույն, - իր նկարի վրա ուղղումներ կատարելով՝ ասում է Դիանան:


Մարդիկ հաճախ են գույները նմանեցնում ինչ-որ առարկաների կամ երևույթների:


Օրինակ, խմբակի անդամներից Հասմիկի համար երջանկությունը կարմիր գույն ունի, որովհետև երջանկությունը սերն է, իսկ սերն էլ նման է սրտի:
Երբեմն խմբի անդամները նկարում են նույն առարկան կամ երևույթը, սակայն վերջնական արդյունքը բոլորի մոտ տարբեր է լինում:


Մեկի մոտ խաղաղությունը կապույտ է, մյուսի մոտ՝ սպիտակ: Մեկի համար խաղաղությունը զինվոր է, մյուսի համար՝ աղավնի: Կապույտ խաղաղություն, կարմիր երջանկություն, դեղին աշուն ու այսպես շարունակ: Գույնը դառնում է տրամադրություն, հոգեվիճակ՝ արտացոլելով երեխաների հոգևոր ու աշխարհիկ ընկալումները:


Տիկին Անահիտը բոլորին խնդրում է նկարելուց առաջ նայել պատուհանից դուրս, տեսնել բնական գեղեցկությունն ու գույները, ուսումնասիրել այն ամենն, ինչ կա մեր շուրջբոլորը, և հետո միայն սկսել նկարել: Ուսումնական կենտրոնի պատուհաններից մեկից երևում են Ս. Աստվածածին եկեղեցին ու եկեղեցու բակի մի մասը, որտեղ երկու երեխա է խաղում: Մյուս պատուհանից երևում են քահանաների սենյակն ու եկեղեցու բակի դարպասները: Դու ես ընտրում, թե որ պատուհանից նայել և ինչ տեսնել, կամ այդ նույն տեսարանին նայելիս նկարել խաղացող երեխաներին, եկեղեցին, թե բակի բնությունը, կամ միգուցե կարելի է դուրս գալ սենյակից ու տեսնել ավելին, քան փոքրիկ պատուհանն է քեզ ցույց տալիս:


Հետաքրքիր է, Աստված ինչպե՞ս նկարեց աշխարհը, ինչպե՞ս ընտրեց գույները:



Հասմիկ Թամամյան

  • 2017-11-17
×