Եթե սովորական ծառատունկն ուղղակի բահ վերցնելը, ծառ տնկելն ու լավագուն դեպքում հետագայում այն խնամելն է, ապա նոյեմբերի 11-ին «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած ծառատունկը տարբերվեց դրանից։
Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակցեցին Երևանի քաղաքապետարանի կազմակերպած համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին։
Ըստ Երևանի քաղաքապետարանին կից երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանի՝ ծառատունկին մասնակցելու առաջարկը քաղաքապետարանի կողմից դեռ տարիներ առաջ է եղել: Տեսնելով ԱՀԹ երիտասարդների ակտիվությունը՝ քաղաքապետարանը հրավիրել է նրանց՝ մասնակցել ամենամյա ծառատունկին.
«Ամեն տարի երիտասարդների հետ տնկում ենք վաղվա ամենահաստաբուն ծառերը: ԱՀԹ-ն միշտ մասնակցել է նման միջոցառումների: Սա ամենամեծ օրհնությունն է, որ ստանում ենք աշխատանքի կատարման ընթացքում», - ընդգծում է պարոն Մերթարջյանը:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ծառատունկի մեկնարկը տրվեց Տերունական աղոթքով: Տեր Հայրն առաջինը վերցրեց բահը, և ծառատունկը սկսվեց:
«Ծառատունկն աղոթքով սկսելը երկու իմաստ ունի», - ասում է Տեր Պետրոսը. «Մեկն այն է, որ աղոթքով սկսված յուրաքանչյուր գործ հաջողությամբ է պսակվում, մյուսն էլ եկեղեցուց քիչ հեռու երիտասարդներին եկեղեցուն մոտեցնելն է»:
Վաղ առավոտից երիտասարդները բահը ձեռքներին հավատ, սեր ու ժպիտ էին տնկում։ Յուրաքանչյուր ծառ տնկում էին աղոթքով ու ժպիտով, որ դրա պտուղն էլ լինի ոչ միայն նյութական։
Դանիացի հայտնի ճանապարհորդ Ջենս Ջենսոնը նկատել է, որ ծառերը նման են մարդկանց, խնամքի և հոգատարության կարիք ունեն: Ինչպես նորածին երեխային է պետք կերակրել, պաշտպանել ու խնամել, այնպես էլ՝ նորատունկ ծառերին:
Երիտասարդաց միության անդամներից Հռիփսիմեն ամեն տարի մասնակցում է ծառատունկին. «Ծառերը տնկելուց հետո դրանք անխնամ չենք թողնում: Հետևողական ենք ամեն մի ծառի ճակատագրին: Բնությունը խնամելուց հաճելի գործ չկա»,- ասում է Հռիփսիմեն:
Հաղթանակի ծառերը տնկված են, մնում է միայն խնամել մեր հաղթանակը, ջրել, սնուցել, որպեսզի պտուղ տան ու այն սերն ու ջերմությունը, որով տնկվել են՝ տարածեն շուրջբոլորը։
Մարիամ Խաչատրյան