Օծվեց Արարատ քաղաքի եկեղեցու գլխավոր խաչը

Օծվեց Արարատ քաղաքի եկեղեցու գլխավոր խաչը

Հոկտեմբերի 24-ին Արմավիրի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ օծվեց Արարատ քաղաքի նոր կառուցվող եկեղեցու կենտրոնական խաչը: 

 

Եկեղեցու շինհրապարակում Սիոն Սրբազանին դիմավորեցին Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը, Արարատի քաղաքապետ Տիար Հայկ Հայկյանը, բարերար Արթուր Խաչատրյանը և բազմաթիվ հայորդիներ:


Սրբազան հորն ուղեկցում էր Տ. Շահե քահանա Հայրապետյանը:


Սիոն Սրբազանն արարողության ավարտին ողջունեց ներկաներին և իր եղբայրական շնորհակալությունը հայտնեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ Սրբազանին՝ խաչի օծման արարողությունը կատարելու պատիվն իրեն ընձեռելու համար:


Դիմելով ներկաներին՝ Սրբազան հայրը մասնավորաբար ասաց. «Եկեղեցին ձեր աղոթքի, ջերմության կարոտն է։ Եկեղեցին դուք եք, ժողովուրդն է, որ մշտապես իր աղոթքով ու ներկայությամբ պիտի պայծառացնի սուրբ եկեղեցին։ Մենք վստահ ենք մեր ժողովրդի հավատքին, մենք գիտենք, որ անաստվածության տարիներին կանթեղված կրակի պես մեր հավատքը կար, մնաց և երբ ազատության բոցը վառվեց՝ բոցավառվեց նաև մեր հավատը, և սկսվեց եկեղեցաշինությունը։


Մեր բարձրաստիճան զինվորականներից մեկն ասել է, որ երբ առաջին տարիներին մտնում էին Ղարաբաղ, մեր զինվորները տարակուսանքով էին գնում։ Երբ տեսան մեր վանքերը, եկեղեցիները՝ հասկացան, որ սա մերն է։ Մեր վանքերն ու եկեղեցիները ոչ միայն աղոթատեղիներ են, այլև մեր ինքնության և մեր հաստատման վկայարաններն են։ Մենք կարիք ունենք եկեղեցիների, և դրանք կառուցվում են ժողովրդի ցանկությամբ, ժողովրդի հավատքով։ Շնորհավորում ենք և ևս մեկ անգամ Նավասարդ Սրբազանի օրհնությունները փոխանցում ենք բոլորիդ։ Համայնքն այս եկեղեցով կդառնա առավել ամբողջական։ Աստված պահապան բոլորին»:


Ավարտին Սրբազան հայրը Պահպանիչ աղոթքով արձակեց ներկաներին:


Արարատ քաղաքը երբեք եկեղեցի չի ունեցել: Մի քանի տարի առաջ Արարատի նախկին քաղաքապետը նախաձեռնել էր եկեղեցու շինարարությունը, սակայն նրա անժամանակ մահը ընդհատեց աշխատանքները: Ամիսներ առաջ բարերար Արթուր Խաչատրյանը հանձն առավ իր ուսերին վերցնել շինարարական աշխատանքների ֆինանսական բեռն ու շարունակել գործը: Աշխատանքներն ընթանում են մեծ թափով ու շուտով եկեղեցին կհանձնվի համայնքին և սրբալույս Մյուռոնով օծվելով՝ կդառնա Աստծո տունն Արարատի ստորոտում՝ Արարատ քաղաքում:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2017-10-25
×