Նավասարդ Սրբազանն օծեց եկեղեցու զանգերը

Նավասարդ Սրբազանն օծեց եկեղեցու զանգերը

Հոկտեմբերի 22-ին՝ հավարտ Ս. Պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին Շամիրյան ընտանիքի կողմից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն ընծայաբերված երեք զանգերը:

 

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին խորհրդային տարիներին մնացել էր առանց զանգի: Անկախացումից հետո եկեղեցու զանգակատանը փոքր զանգ էր գործում: Բայց ընդհանրական աղոթքի հրավերն այսուհետ նորաօծ զանգերը կսփռեն իրենց գեղեցիկ ղողանջով:



Արարողության ավարտին Սրբազան հայրը շնորհավորեց հավատացյալներին և շնորհակալություն հայտնեց Շամիրյան ընտանիքին` մաղթելով Աստծո օրհնությունը։

 

Սրբազան հայրը բարձր գնահատեց նաև եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի ծառայությունը, ում ջանասիրության շնորհիվ օրեցօր եկեղեցին բարեզարդվում է` ի վայելումն մեր հավատավոր հայորդիների:


Դիմելով հավատացյալ ժողովրդին՝ Սրբազան հայրն ասաց. «Աստծո օրհնությունն ենք խնդրում նաև յուրաքանչյուրիդ համար, սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, որ դուք Աստծո տունը լույսի մեջ եք պահում, ձեր հոգուց ճառագող լույսերի մեջ: Եվ այդ զգալի և արթուն լույսը ջերմացնում է մեր սրտերը: Աստված օրհնի ձեր ընթացքը, և ձեր աղոթքները թող հասնեն Տիրոջը, որպեսզի երբ զանգերը ղողաջեն, և դուք ընդառաջ գնաք Տիրոջը, Տերը բնակվի ձեր սրտերի մեջ: Ամեն»:


Արարողության ավարտին Նավասարդ Սրբազանը Պահպանիչ աղոթքով արձակեց հավատացյալներին:


 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2017-10-22
×