Դեկտեմբերի 13-ին Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը հիմնադրման 10-ամյակի առթիվ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից պարգևատրվեց «Կոմիտաս» մեդալով:
Բարձր գնահատելով «Ծաղկազարդի» գործունեությունը, տիկին Հակոբյանը մասնավորաբար ասաց. «Սփյուռքի նախարարության կոչով և, թույլ տվեք ասել, հանձնարարությամբ դուք եղել եք ամենուր և ներկայացրել հայ երգը, հայ մշակույթը և դրանով նպաստել հայապահպանությանը: Շնորհակալ եմ ձեր խմբին և շնորհակալ եմ, որ դուք բարեգործական նպատակներով լինում եք ամենուր և դարձել եք մեր նախարարության լավագույն բարեկամն ու ընկերը: Մաղթում եմ ձեզ հաջողություններ և նոր բեմեր»:
Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը հիմնադրվել է 2007թ. Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ ու օրհնությամբ: Գեղարվեստական ղեկավարը օպերային երգչուհի Լիլիթ Գրիգորյանն է: Այս տարիների ընթացքում համախումբը համերգային հարուստ ծրագրով շրջագայել է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Հորդանանում, Լեհաստանում և այլ երկրներում:
2015թ. ապրիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալագիր հանձնեց ԱՀԹ Ծաղկազարդ համախմբին՝ հայ հոգևոր և ազգային երգարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին