Շախմատային խաղատախտակի երկու կողմերում Յուրան ու Լևոնն են։ Մեկը ոստիկանական համազգեստով է, մյուսը՝ զինվորական։ Յուրան արդեն երրորդ տարին է, ինչ մասնակցում է մրցաշարին։ Փորձառությունը վստահություն է տալիս ինքն իրեն մաղթել միմիայն հաղթանակ։ Լևոնի նախընտրելի խաղաքարն էլ ձին է, իսկ շախմատը նմանեցնում է կյանքին, որտեղ յուրաքանչյուր քար կատարում է իր դերը։
Քառասուն մասնակից և նրանցից կազմված քսան զույգ՝ քահանաներ, զինվորներ, հաշմանդամություն ունեցող անձինք, Երևանի քաղաքապետարանին կից երիտասարդների հարցերով խորհրդի ներկայացուցիչներ, Երևանի շախմատի դպրոցի աշակերտներ, մասնակիցներ ՀՀ Ոստիկանական ակադեմիայից, Ազգային առաջնորդության ինստիտուտից, երիտասարդներ ուսումնական հաստատություններից և հայաստանյան թեմերից։
Եթե Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում կան այսքան շախմատասերներ, դա նշանակում է, որ սկսվել է Ս. Աբգար թագավորի տոնին նվիրված շախմատի ամենամյա մրցաշարը։ Այն նպատակ ունի վերաարժևորել Ս. Աբգար թագավորի հավատքի վկայությունը։ Նա առաջին արքան էր, որ Քրիստոսի երկրային կյանքի ընթացքում ընդունեց նրան որպես Աստված ու Աստծո Որդի՝ հրավիելով գալ ու թագավորել Եդեսիայում։
Այս տարի մրցաշարն անցկացվեց դեկտեմբերի 5-ին, «Երիտասարդության տարի» ծրագրի շրջանակում։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ 2018թ. հռչակվել է «Երիտասարդության տարի»։ Այսպիսով՝ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներն առաջին միջթեմական ծրագիրն են իրականացնում՝ արձագանքելով Վեհափառի տնօրինությանը։
Արդեն հինգերորդ տարին կազմակերպվող մրցաշարն անցկացվում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աջակցությամբ և թեմի երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ։
Մրցավարը միջազգային կարգի վարպետ Նորիկ Քալանթարյանն էր։
Մրցաշարն անցկացվեց երկու փուլով։ Յուրաքանչյուր մասնակցի համար շատ կարևոր էր հաղթանակը, քանի որ երկրորդ փուլում նրանց սպասում էր միաժամանակյա արագ խաղ միջազգային գրոսմայստերների՝ Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի և մինչև քսան տարեկանների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրիասյանի հետ։
Առաջին փուլն արդեն հաղաթահարված էր։ Սկսվում էր շատ սպասված երկրորդ փուլը՝ մեծ ակնկալիքներով և ավելի մեծ լարվածությամբ։
Շուրջ մեկ ժամ տևած փուլի ընթացքում աստիճանաբար նոսրանում էին շախմատիստների շարքերը, և շախմատային խաղաքարերը բերվում էին նախնական դիրքի։
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանին հաղթեց մասնակիցներից Ռաֆայել Բակունցը, իսկ Զավեն Անդրիասյանի հետ ոչ ոքի խաղաց Էդգար Հայրապետյանը։ Հենց նրան էլ շնորհվեց մրցաշարի գավաթը։
Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը շնորհակալագրեր հանձնեց մասնակիցներին, «Նարեկ»՝ հաղթող Ռաֆայել Բակունցին և խաղն աչալուրջ հսկող մրցավարին, Աստվածաշունչ՝ գրոսմայստերներին։
Շնորհակալագիրն ու գավաթը ձեռքում պինդ պահած՝ Էդգարը ընդունում է շնորհավորանքները, լուսանկարվում գրոսմայստեր ընկերների հետ․ ‹‹Մրցակիցներս շատ լավ էին խաղում ու ուժեղ էին, բայց խաղն ավարտեցի ոչ ոքի››։
Խաղից մեծ տպավորություններ են ստացել նաև գրոսմայստերները։ Ինչպես նշեց Զավեն Անդրիասյանը, հետաքրքիր խաղ ստացվեց․ «Շատ ուրախ եմ, որ բացի շախմատային կառույցների ներկայացուցիչներից կային նաև այլ մասնակիցներ և բավական լավ էին խաղում։ Սպասումներն արդարացան››։
Առաջնորդարանում արդեն հավաքվում են շախմատային խաղատախտակները՝ հստակ համոզմամբ, որ հաջորդ տարի դրանց երկու կողմերում կրկին միմյանց ձեռք են սեղմելու շախմատիստ-շախմատասերն ու գրոսմասյտերը։
Մարիամ Մկրտչյան