Ամանորի և Ս. Ծննդյան մեծախորհուրդ տոներն առանձնանում են յուրահատուկ բերկրանքի և ուրախության, լավատեսության ու բարի ակնկալիքների ապրումներով: Այս ուրախ տոներին մանկական նույնիսկ ամենաչնչին սպասումներն ու երազանքները երբեմն անկատար են մնում` փոխակերպվելով հուսախաբության ու տրտմության:
Հենց այս գիտակցությամբ Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու «Զատիկ» երիտասարդաց միության անդամները և մի խումբ եկեղեցասեր երիտասարդներ, առաջնորդությամբ Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովսեփ քհն. Սարգսյանի, ինչպես նաև Ձմեռ պապի ուղեկցությամբ այցելեցին Արևշատի մի շարք ընտանիքների: Երեխաների հետ անմոռաց ակնթարթներն ուղեկցվեցին կիթառի հնչյուններով, տոնական երգուպարի ուրախ մթնոլորտում, միջոցառման ընթացում Ձմեռ պապը նվերներ բաժանեց նրանց:
Այցելությունների ընթացքում կատարվեցին նաև Ս. Ծննդյան տնօրհնեքի արարողություններ:
Աստվածահաճո այս նախաձեռնության մասնակից երիտասարդները, ինչպես նաև եկեղեցու խաչի կնքահայր Գևորգ Ոսկանյանը հոգեկան մեծ բավականություն ապրեցին՝ Ամանորի և Ս. Ծննդյան տոներն իմաստավորելով մանուկներին պարգևած ժպիտներով: Այցելությունները ևս մեկ անգամ այն զգացումն արթնացրեցին, որ Աստված հենց մանուկների մաքուր սրտերում է բնակվում, իսկ այդ սրտերն ուրախացնելը մարդուն աստվածապարգև շնորհների է արժանացում: