Յարխուշտա, Ալաշկերտի ու Կարինի քոչարի, Երեք ոտք ու նույնիսկ Աստվածապար, որը տարին մեկ անգամ են պարում։ Հունվարի 6-ին Ս. Աննա եկեղեցու բակը ողողվել էր ազգային երգուպարով: Առիթը Հիսուս Քրիստոսի ծնունդն էր. Սուրբ Ծնունդ, որը սկսվեց Ս․ Պատարագով ու Ջրօրհնեքով։
Մի խումբ եկեղեցասեր երիտասարդների նախաձեռնությամբ Սուրբ Ծնունդը վերածվեց իրական տոնի: Երիտասարդները, որոնց մեծ մասը ՀՀ մշակույթի գործիչ Գագիկ Գինոսյանի աշակերտներն էին, սկսեցին պարել ու միջոցառմանը ներգրավել պատահական անցորդների:
Նրանք մեծ սիրով ու ոգևորությամբ պատրաստ էին յուրաքանչյուր մասնակցի սովորեցնել պարել: Շուտով փոքրիկ շրջանակը վերածվեց մեծ շրջանի՝ կազմված տատիկ-պապիկներից, մանուկներից ու երիտասարդներից: Փոքրիկ Արմանն այնքան էր հրճվել ու այնպիսի ոգևորությամբ էր պարում, որ գրավել էր բոլորի ուշադրությունը: Երիտասարդների աչքից ես էլ չվրիպեցի ու ինքս էլ չնկատեցի, թե ինչպես հայտնվեցի ամենաակտիվ պարողների շարքում:
«Այսօր սիրո տոն է: Այսօր Քրիստոսի սիրո տոնն է: Թող Նրա սերը միշտ մեզ հետ լինի և մենք էլ այդ սիրով միշտ ուրախ լինենք: Եկեք աղոթենք, որ այս երիտասարդներն էլ միշտ ուժ ու եռանդ ունենան նման միջոցառումներ կազմակերպելու համար», - ասաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը։
Շուտով երգ ու պարին միացավ Գագիկ Գինոսյանը, ով ավելի մեծ աշխուժություն մտցրեց պարողների շրջանում: Նրա խոսքով` միջոցառումը ևս մեկ հնարավորություն է երիտասարդներին ազգային պարերին ծանոթացնելու համար:
Սիրանույշը միջոցառման մշտական մասնակիցներից է: Ըստ նրա` միջոցառումը հնարավորություն է ազգայինը տարածելու համար. «Միջոցառման նպատակը Փրկչի ծննդյան տոնի խորհուրդը փոխանցելն ու այդ օրn իրական տոն դարձնելն է», - ընդգծեց նա:
Այսօր էլ հայ քրիստոնյայի ոգին յուրաքանչյուրիս մեջ է: Ուղղակի, ինչպես պարել ենք սովորում քայլ առ քայլ և հետո միայն ուրիշներին սովորեցնում, այնպես էլ ճշմարիտ քրիտոնյա պիտի դառնանք քայլ առ քայլ ու մյուսներին էլ սովորեցնենք:
Մարիամ Խաչատրյան