Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ՝ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ՝ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում

Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ՝ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում

Հունվարի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչը  Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Ս. Պատարագին ներկա էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, թեմական խորհրդի անդամները:

 

Հընթացս Ս. Պատարագի ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական  ուղերձը Նավասարդ Սրբազանին: Ուղերձում մասնավորապես ասվում է.

 

«Սիրելի՛ Սրբազան,

 

Ամանորի և Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության տոների ուրախ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ, տիրախնամ թեմիդ եկեղեցականաց ուխտապահ դասին, թեմական ու համայնքային  վարչությանց պատվարժան անդամներին և հավատավոր Մեր բոլոր զավակներին:

 

Փրկչի Սուրբ Ծննդյամբ ջերմացած մեր հոգիներում գոհաբանական աղոթք ու փառաբանություն է բեթղեհեմյան խոնարհ այրում ծնված ու խանձարուրված Հիսուս Մանկանը. «Յայտնութեամբ Քո, Տէր, ցնծացաւ երկիր և նորոգեալ եղեւ Ադամ յառաջին յանցանաց ի մեղաց իւրոց» (Շարակնոց):

 

Փրկիչ մեր Տերը մարմին առավ ու աշխարհ եկավ ազատելու մարդուն մեղքի ու մահվան կապանքներից: Աստվածորդին արարչական Իր սերը հեղեց համայն աշխարհում՝ փրկության հրավեր ուղղելով մարդկանց՝ աստվածճանաչողությամբ ու պատվիրանապահությամբ նորոգելու իրենց հոգիները և դարձնելու այն Աստծո սուրբ տաճար, ուր փառաբանվում է Ամենասուրբ Երրորդությունը:

 

Սուրբ Ծննդյան կենսապարգև շնորհներով գոտեպնդված ՝ կոչված ենք առավել զորացնելու հովվական, քարոզչական, կրթական ու բարեսիրական մեր գործունեությունը և արգասավորելու մեր Եկեղեցու տիրավանդ սպասավորությունը հավատավոր Մեր զավակներին, որպեսզի ազգս հայոց շարունակի ապրել ու գործել Աստծո ժողովուրդ լինելու գիտակցությամբ ու հանձնառությամբ և աստվածահաճո ընթացքով նոր հաջողություններ ու ձեռքբերումներ արձանագրի իր ազգային ու հոգևոր կյանքում:

 

Սուրբ Ծննդյան լուսավոր այս օրը Սուրբ Նեսես Շնորհալի Հայրապետի «Նորոգող հնութեանց, նորոգեա և զիս, նորոգ  զարդարեա» սրտաբուխ աղոթքը Մեր շուրթերին՝ հայցում ենք Մանուկ Փրկչից, որ նորոգության երկնապարգև շնորհոց օրհնի մեր երկիրը, մեր Սուրբ Եկեղեցին՝ իր սպասավորներով, աշխարհասփյուռ  մեր համայնքները և ազգային մեր կյանքից ներս առատացնի սերն ու միաբանությունը:

 

Սիրելի՛ Սրբազան, Մեր մաղթանքն է, որ Տերը զորակից լինի Ձեզ և Ձեզ ծառայակից եկեղեցականաց դասին, թեմական ու ծխական մարմինների բարեջան անդամների հետ գործակցությամբ, նորոգ նվիրումով և ջանասիրությամբ շարունակելու Ձեր հոգևոր առաքելությունը՝ հանուն մեր Սուրբ Եկեղեցու և տիրախնամ թեմիդ պայծառության, աստվածպարգև մեր Հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի առաջընթացի և ազգային մեր իղձերի իրականացման:

 

Հայոց Բեթղեհեմ Սուրբ Էջմիածնից աղոթում ենք համայն աշխարհի ու մեր երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար: Թող Միածին Աստվածորդու օրհնություններն ու կենարար շնորհները ուղեկից լինեն ու առաջնորդեն մեր ժողովրդին այսօր և  հավիտյանս. ամեն:

 

Քրիստոս Ծնաւ և Յայտնեցաւ: Ձեզ և մեզ մեծ Աւետիս»:

 

Հավարտ Ս. Պատարագի Նավասարդ Սրբազանի նախագահությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում կատարվեց Տնօրհնեքի կարգ: Այնուհետև «Ծաղկազարդ» համախմբի (գեղ. ղեկավար Լիլիթ Գրիգորյան) և «Վարք հայոց» ազգագրական երգի-պարի խմբի (գեղ. ղեկավար Սարգիս Փարամազյան) ելույթներով ամփոփվեց տոնական երեկոն: Հավատացյալները Նավասարդ Սրբազանին ու Երևանի քաղաքապետին շնորհավորեցին տոնի առթիվ՝ ստանալով Սրբազան հոր օրհնությունն ու բարեմաղթանքները:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2020-01-05
×